Երեկ՝ հունվարի 15-ին, ՀԱԱՀ «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը համալրվեց հինգ տոհմային երինջներով։ Ջերսեյ եւ Ֆլեկվի ցեղատեսակների բոլոր երինջները (երեքը՝ Ջերսեյ, երկուսը՝ Ֆլեկվի) հղի են․ ծինը կսկսվի մարտ ամսին։
Համալսարանի պատմության մեջ առաջին անգամ է ստեղծվում բարձր կաթնային մթերատվությամբ տոհմային ցեղատեսակների ֆերմա։ Ջերմուկից ձեռք բերված երինջների ձեռք բերման եւ Բալահովիտի տնտեսությունում կառուցված խելացի անասնաշենքի կառուցման ծախսերը ամբողջությամբ հոգացել են համալսարանի նվիրված բարեկամներ, բոստոնահայ ամուսիններ Ջուդի Սարյանը եւ Վիկտոր Զառուգյանը։
Նորաստեղծ ֆերման հերթական ուսումնահետազոտական կարեւոր ենթակառույց է, որի հետագա զարգացման շատ լավ հեռանկարներ են տեսնում «Բալահովիտ» ՈՒՓՏ տնօրեն Վարդան Մելքոնյանը եւ ֆերմայի վարիչ, գ․գ․թ․, դոցենտ Արեւիկ Ազիզյանը։ Պլանավորվում է, մասնավորապես, կերախառնուրդների, կերամիավորների փորձարկման, ավտոմատ կթի, պահվածքի նորարարական գործելակերպերի ներդրման միջոցով հասնել նոր ֆերմայի առավելագույն արդյունավետությանը՝ թե ուսումնահետազոտական ու փորձարարական եւ թե տնտեսության վերամշակման հզորությունների բարելավման տեսակետից։ Ինչպես եւ համալսարանի նորարարական մյուս ենթակառույցները, ֆերման արդյունավետ կերպով կօգտագործվի մասնագետների պատրաստման, վերապատրաստման, կարճաժամկետ դասընթացների անցկացման նպատակով։
«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը, որ բավականին անմխիթար վիճակում էր, վերջին երկու տարում շարունակական արդիականացման գործընթացում է։ Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրամասը, Բլանշ ցեղի ոչխարների ներմուծում, այժմ էլ տոհմային երինջներ։ Փոխվում է տնտեսությունը, փոխվում է եւ տնտեսության աշխատանքի բնույթը, որակը եւ հատույցը։ Մասնագետներն ու աշխատակազմը ոգեւորված են արդեն կոնկրետ ուսումնաարտադրական ու հետազոտական արդյունքներ ապահովող զարգացումներով եւ այս առումով համալսարանի ռեկտորի կատարած աշխատանքով։