Տվյալագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Խաչատրյանը Էրասմուս+ փոխանակման ծրագրով այս օրերին գտնվում է Իսպանիայում, Վալադոլիդի համալսարանում: Բիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Ուրսիկո Կարասկալ Արազը նրա խնդրանքով առցանց բանախոսություն վարեց մեր համալսարանի հիշյալ ամբիոնի դասախոսների համար:
Ավելի ճիշտ, սա նման էր լավագույն փորձի փոխանակման, քանզի մեր մասնագետներն էլ կարեւոր ասելիք ու դիտարկումներ ունեին: Թեման դասի վարման ընթացքն էր, ցուցադրական նյութերի մատուցումից մինչեւ գնահատման համակարգը, ուսանողներին հետաքրքրել-ներգրավելու, աշխատանքային ռիթմի եւ գրավչության մեջ պահելու միջոցները: Օրինակ, պրոֆեսոր Կարասկալը թերացողներին տնային լրացուցիչ հանձնարարություններ է տալիս, որոնք մասն են կազմում ընդհանուր գնահատականի:
ՈՒսուցումն իրականացվում է Microsoft Excel ծրագրակազմով, որի հնարավորություններն ու գործիքակազմը ձգտում են անսահմանության, եւ դրա իմացությունն այսօր հրամայական-անփոխարինելի-անհրաժեշտություն է: Սակայն իսպանացի պրոֆեսորը շատ կարեւորում է նաեւ թուղթ ու գրչով հաշվարկներ անելու կարողությունները, որոնց շնորհիվ ուսանողներն ավելի լավ են պատկերացնում սկզբունքներն ու ողջ գործընթացը:
Տեսնել էր պետք, թե մեր գոծրընկերներն ինչ կենտրոնացած ու հետաքրքրությամբ էին ի մի եկել էկրանի շուրջ եւ ինչ թեժ քննարկումներ էին երկրի սահմաններից ներս ու դուրս…