«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի վերապատրաստումները

2022 թ․-ի մայիս-հունիս ամիսներին իրականացվեց Visegrad+ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք V4 փորձի փոխանցումը» նախագծի հաջորդ խոշոր գործողությունը։ Ըստ նախագծի, ՀԱԱՀ 5 աշխատակիցներ պետք է հեռավար եղանակով վերապատրաստվեն փափուկ հմտությունների 5 մոդուլների ուղղությամբ։

Վերապատրաստված աշխատակցիները դրանից հետո պետք է նախաձեռնեն մոդուլների կրթական բաղադրիչների (կրթական վերջնարդյունքներ, մոդուլի նպատակ, դասավանդման և ուսումնառության նյութեր) ստեղծումն ու զարգացումը, իսկ նախագծի ավարտից հետո իրականացնեն համապատասխան մոդուլների դասավանդումը ՀԱԱՀ-ում։

Մասնակիցները ընտրվել են մրցութային եղանակով, նախօրոք տարածված հայտարարության հիման վրա։

ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին հետևյալ աշխատակցիները․

  1. Անի Կիրակոսյան (Մոդուլ՝ Առաջնորդություն) – Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս,
  2. Արուսյակ Ղարիբյան (Մոդուլ՝ Հաղորդակցման հմտություններ) – Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ,
  3. Ալլա Ալեքսանյան (Մոդուլ՝ Թիմային աշխատանք) – Միջազգային կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի համակարգող,
  4. Արման Հարությունյան (Մոդուլ՝ Հակամարտությունների և ժամանակի կառավարում) – Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ,
  5. Լիանա Վարդանյան (Մոդուլ՝ Քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում) – Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ։

Թիմային աշխատանք և Հակամարտությունների և ժամանակի կառավարում մոդուլների վերապատրաստումն իրականացվեց Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարանի պրոֆեսորներ Իլդիկո Ռուդնակի և Ջուդիթ Գարամվոլդիի կողմից։

Հաղորդակցման հմտությունների և Առաջնորդություն մոդուլների վերապատրաստման համար պատասխանատու էին Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսորներ Լորետա Շվարցովան և Մոնիկա Բումբալովան, իսկ Քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում մուդուլի վերապատրաստումն իրականացվեց  Հարավային Բոհեմիայի համալսարանի պրոֆեսորներ Ալենա Կարվասովայի և Պետր Ռեհորի

կողմից։

Չնայած վերապատրաստումների հեռավար եղանակին, փորձագետ-վերապատրաստողներն այն իրականացրեցին բավականին ինտերակտիվ եղանակով։ Նրանք ոչ միայն մասնակիցների հետ քննարկեցին յուրաքանչյուր մոդուլի նախընտրելի բովանդակությունն ու հիմնական թեմաները, այլև տրամադրեցին անհրաժեշտ գրականություն և ուղեկցող այլ նյութեր, ինչը մեծապես կօժանդակի մոդուլների կրթական բաղադրիչները կազմելուն։

Արման Հարությունյան. «Դասընթացները, ըստ ինձ, մեծ նշանակություն ունեցան իմ գիտամանկավարժական փորձի վերաարժեվորման և կատարելագործման հնարավոր ուղղությունները պատկերացնելու գործում»։

Արուսյակ Ղարիբյան. «Վերապատրաստումը հագեցած էր ոչ միայն տեսական բաղադրիչով, այլ նաև գործնական վարժություններով, որոնց քննարկման ժամանակ տեղի էր ունենում փորձի  փոխանակում, ինչպես նաև ուսումնառության ընթացքում ակտիվ մեթոդների տեղայնացման ուղիների վերհանում»։

Ալլա Ալեքսանյան. «Ձեռք բերված նոր գիտելիքներն ու հմտությունները նպաստեցին իմ կարողությունների զարգացմանը՝ առաջնահերթ որպես դասախոս, ապա նաև թիմի անդամ։ Այս վերապատրաստումը որակապես փոխեց իմ՝ լսարանում և/կամ թիմում աշխատելու արդյունավետությունը, հաղորդակցման և համագործակցության մոտեցումները»։

Անի Կիրակոսյան. «Օնլայն դասընթացները ինտերակտիվ էին և բավականին արդյունավետ երկկողմանի բաց քննարկումների, ազատ ու գործընկերային միջավայրի, առավել հասկանալի և անմիջական մթնոլորտի պայմաններում, իսկ առկա փորձը և նյութերը տրամադրվեցին ինձ»։

Լիանա Վարդանյան. «Քննադատական ​​մտածողություն կիրառելը չի ​​նշանակում լինել բացասական կամ կենտրոնանալ թերությունների վրա: Դա նշանակում է հստակեցնել մտածողությունը խնդրի լուծման համար, մեկնաբանել այն և օգտագործել այդ մեկնաբանությունը՝ տեղեկացված որոշման կամ դատողության հասնելու համար (օրինակ՝ արձագանքել կարծիքին)»: