Ռուսաստանի՝ Տիմիրյազեւի անվան պետական ագրարային համալսարանն ու մեր բուհը դարից քիչ պակաս համագործակցության ավանդույթներ ունեն, որոնք էլ ավելի ընդգրկուն ու համապարփակ են դառնում: Շուրջ մեկ տարի առաջ էր, որ երկու բուհը ստորագրեցին հուշագիր եւ այդ հիմքի վրա մեկնարկեց կրթական նոր նախագիծ՝ «Գինու մարկետինգի կազմակերպում»: Դասընթացի մասին մեր ընթերցողներին պատմելու հնարավորություն արդեն ունեցել ենք:
Այսօր՝ հունիսի 6-ին, տեսակապով համատեղ նիստի ժամանակ հանդիսավորությամբ հավաստագրեր հանձնեցին ՀԱԱՀ-ից՝ 7 եւ տիմիրյազեւցի 21 ուսանողի: Նրանց շնորհավորեցին եւ նոր հաջողություններ մաղթեցին Եւրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար), տնտեսագիտության դոկտոր Արտակ Քամալյանը, Տիմիրյազեւի անվան համալսարանի ռեկտոր Վլադիմիր Տրուխաչեւը եւ մեր բուհի միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Վերջինը շնորհավորեց նախագծի շահառու ուսանողներին եւ շնորհակալություն հայտնեց. «Այս համագործակցությունը մեծ հնարավորություն էր մեզ համար, որը, կարծում ենք, շարունակական կլինի»:
Ռուս գործընկերները եւս վստահեցրին, որ իրենց ուսանողներին շատ է օգնել դասընթացը։
Հայ ուսանողների անունից շնորհակալական խոսք ասաց Ալբերտ Հակոբյանը, դասավանդողներից՝ դոցենտ Արմինե Պետրոսյանը: