Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսները եւ մի խումբ ուսանողներ օգտակար տեղեկություններ ստացան դեկտեմբերի 6-ին եւ 7-ին կայացած աշխատաժողովի ընթացքում, որը վարում էր Ամիրբաքիրի տեխնոլոգիական համալսարանի NEXUS and HSE կենտրոնի ղեկավար, դոկտ․ Բահրամ Թահերին։ Ջուր-էներգիա-պարեն շղթայի վերլուծությանը եւ կլիմայափոխության հարմարվողականության-մեղմացման միջճյուղային մոտեցումներին առնչվող թեմաներն ուղեկցվեցին գործնական քննարկումներով ու վարժություններով:
Կլիմայափոխության հանգեցնող մարդածին երեւույթների «տրամաբանական» շղթան աշխարհում, տարածաշրջանում եւ Հայաստանում հասցրել է, շատ դեպքերում, սահմանային իրավիճակների, որոնք հրատապ հանգուցալուծում են պահանջում։ Հողային եւ ջրային ռեսուրսների տնօրինման, վերականգնման, համապատասխան ենթակառույցների տեխնոլոգիական վերազինման ու արհեստական բանականության մեր դարաշրջանում, դրանց ամբողջ «հմայքով» հանդերձ, մարդիկ ու պետությունները պարտավոր են մշտապես հարմարվել մայր բնությանն ու նրա օրենքներին, ոչ թե փորձեն շտկումներ մտցնել դրանց մեջ։ Սա էր դոկտ․ Թահերիի գլխավոր ասելիքը, որը նա հրամցրեց գիտնականի, մտավորականի եւ, ինչպես պարզվեց, Սեւանա լճի հիմնախնդիրներին քաջատեղյակ, դրանցով մտահոգված եւ բնության ու գիտության կանոններով հիմնավորված լուծումների ջատագով բարեկամ մտավորականի դիրքերից։
Դոկտ․ Թահերիի առաջարկած լուծումները պարզ են, արդյունավետ, մեր ագրոէկոլոգների համար՝ հասկանալի եւ ընդհանուր առմամբ՝ ընդունելի։ Ինչպես օրինակ այն եզրահանգումը, որ պարզապես պետք է դադարել ջուր վերցնել Սեւանից․․․ Աշխատաժողովի ժամերն իզուր չանցան, պատահական չէր բառացիորեն բոլորի ակտիվ մասնակցությունը քննարկումներին․ սա փոխհարստացնող եւ հստակ ասելիքով հանդիպում էր, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա երկկողմ ակադեմիական, հանրային եւ մասնավոր գործակցության համար։
Աշխատաժողովի ավարտին Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը ռեկտոր Վարդան Ուռուտյանի ստորագրությամբ շնորհակալագիր հանձնեց դոկտ․ Թահերիին՝ գիտության մեջ ներդրման եւ իր արժեքավոր գիտելիքները ՀԱԱՀ ուսանողներին ու դասախոսներին փոխանցելու համար։