Սյուզաննա Ավդալյանն Ագրարային համալսարանի «Հացի եւ հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի է (հեռակա ուսուցմամբ): Երրորդ կուրսում հասկանալով, որ իրեն տեսնում է շոկոլադագործության ոլորտում՝ բուհում ապագա մասնագիտության մեջ խորանալուն զուգահեռ, սկսեց ամենուր ուսումնասիրել շոկոլադի հետ կապված ամեն ինչ: Մի օր էլ տեղեկացավ, որ հարազատ համալսարանում «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացվելու են շոկոլադագործության դասընթացներ եւ որոշեց մասնակցել:
Համադրելով բուհում ստացած տեսական գիտելիքները «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շնորհիվ զարգացրած կարողությունների հետ՝ դասընթացի ավարտից անմիջապես հետո Սյուզաննան որոշում է զբաղվել շոկոլադագործությամբ. պատրաստում է շոկոլադապատ ելակներ եւ սկսում զբաղվել շոկոլադի առցանց վաճառքով. «Կարճ ժամանակամիջոցում գրանցեցի մեծ հաջողություններ, վաստակեցի ինձ համար այդքան երկար սպասված առաջին գումարը: Ոգեւորվելով այս ամենից՝ հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ եւ որոշեցի փոքր, բայց սահուն քայլերով գնալ իմ երազանքի հետեւից՝ ունենալ եւ կայացնել իմ սեփական բիզնեսը»:
Սյուզաննան ներկայումս մասնակցում է բիզնեսի զարգացման եւ առաջխաղացման վերաբերյալ դասընթացների: Ընդլայնել է արտադրանքի տեսականին. պատրաստում է տարբեր համային որակներով ու հավելումներով շոկոլադներ, որոնք նախատեսված են ամենատարբեր առիթների համար՝ ամանորյա, ծննդյան, սիրային, զատկական եւ այլ թեմաներով…
«Շնորհակալություն եմ հայտնում համալսարանիս եւ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրին»՝ ինձ թեւեր տալու եւ դեպի երազանքներիս իրագործումն ուղղորդելու համար: Թող նման ծրագրերը շարունակական լինեն մեր երկրում»,- մաղթում է Սյուզաննան եւ պատմում իր առաջիկա նպատակ-երազանքների մասին:
Համալսարանն ավարտելուց հետո երեւանցի Սյուզաննան տեղափոխվելու է Սյունիքի մարզ՝ սահմանամերձ Քաջարանում կերտելու իր ընտանիքն ու ընտանեկան բիզնեսը: Ապագա ամուսնու հետ արդեն քննարկել են անելիքները, ուսումնասիրել շուկան: Տարածաշրջանում շոկոլադագործության բիզնեսով զբաղվելու համար ունեն բոլոր նախադրյալները՝ մրցակցային առավելություն՝ պայմանավորված մասնագիտական գիտելիքներով ու փորձով, թույլ զարգացած շուկա, արտադրական տարածք (պակասում են միայն սարքավորումները) եւ ամենակարեւորը՝ մեծ ցանկություն սեփական երկրում ունենալ սեփական, սիրելի գործն ու ապրել-արարել հայրենիքում՝ սահմանամերձ համայնքում:
«Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը» ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինասնավորմամբ իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ կոնսորցիումի գործընկերներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանը։