Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դանիկ Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Ստորագրված հուշագրով նախատեսվում է նորարարական գյուղատնտեսության տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի, համատեղ հետազոտությունների, տարածաշրջանային եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացում՝ համալսարանի փորձարարական–խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, նոր առողջարար եւ ֆունկցիոնալ սննդամթերքի մշակման համատեղ նախագծեր եւ այլն։ Գործնական միջոցառումները կունենան ՀԱԱՀ բակալավրիատի ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաներում արտացոլվելու ներուժ։
Հուշագրի ստորագրումից առաջ պարոն Մարտիրոսյանը, ռեկտոր Ուռուտյանը եւ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի եւ Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Մերուժան Զադայանը կարեւոր համարեցին գործակցության մեկնարկը։ Պարոն Ուռուտյանը նշեց, որ ֆունկցիոնալ սննդամթերքի վերաբերյալ միջազգային փորձն ու գործելակերպերը ՀԱԱՀ-ի համար հետաքրքիր են՝ ինչպես դրանք համալսարանում արդեն դասավանդվող ֆունկցիոնալ սննդի դասընթացի մաս դարձնելու, այնպես էլ որորտով հետաքրքրված շահառուների համար կարճաժամկետ դասընթացներ կազմակերպելու տեսակետից։ Այս առումով կարեւոր նախապատրաստական քայլ կլինի դասախոսների վերապատարստումը։
Դանիկ Մարտիրոսյանը, գոհունակություն հայտնեց Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի եւ Ագրարային համալսարանի հետ գործակցության հեռանկարի համար եւ նշեց, մասնավորապես, համատեղ հավաստագրային կրթական ծրագրերի իրականացման կարեւորությունը։ Պարոն Մարտիրոսյանը լավ հնարավորություններ է տեսնում նաեւ ՀԱԱՀ դասախոսների եւ գիտնականների համար՝ թե միջազգային պարբերականներում տպագրվելու եւ թե դրամաշնորհային տարբեր ծրագրերի մասնակցելու առումով։
Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Մերուժանն Զադայանը շնորհակալություն հայտնեց պարոն Մարտիրոսյանին՝ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի 31-րդ միջազգային խորհրդաժողովը Հայաստանում անցկացնելու համար եւ նշեց Ագրարային համալսարանի ծանրակշիռ մասնակցությունն այդ կարեւոր համաժողովին։
Նախագահ Մարտիրոսյանը ռեկտոր Ուռուտյանին նվիրեց իր հեղինակած «Ֆունկցիոնալ սննդագիտության ներածություն» ձեռնարկը, իսկ ռեկտորից ստացավ Ագրարայինի «Սերունդ» գինին։
- 17/10/2023
- 2023