Սեպտեմբերի 27-28-ը Պետական կառավարման ակադեմիայում հիբրիդային եղանակով տեղի է ունեցել Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։
Հանդիպման առաջին օրը հիմնական բանախոսը SMARTI ծրագրի համակարգող՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալենն էր: Նա անդրադարձել է ծրագրի ճանապարհային քարտեզի փոփոխմանը, Լիվերպուլի Ջոն Մուրես համալսարանում տեղի ունենալիք «Անգլերենը որպես դասավանդման միջոց ԱԴՄ» տասը մոդուլների վերապատրաստմանը, որն ըստ նախնական պայմանավորվածության տեղի կունենա 2023 թ․ապրիլին։ Նա նաեւ խոսել է մոդուլների հետագա մշակման, մասնագիտական գրականության ձեռք բերման եւ հետագա այլ անելիքների մասին։ Նույն օրը բոլոր ներկա բուհերի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են ծրագրի ընթացքը եւ ձեռքբերումները։ Սուսաննա Հայրապետյանը՝ որպես ծրագրի տեղական համակարգող, ներկայացրել է ՀԱԱՀ-ում իրականացված աշխատանքները։
Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր հիմնական երեք ուսումնական մոդուլով վերապատրաստմանը, որին հրավիրված էին նաեւ բուհերի այլ հետաքրքրված աշխատակիցներ։ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Անդրեա Շտուբենրաուչերը անցկացրել է դասընթաց 4-րդ մոդուլի՝ «ԱԴՄ եւ գրավոր խոսք» թեմայով, նույն համալսարանից Սվեն Ռիդելը խոսել է 9-րդ մոդուլի՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար» նյութերի մասին, իսկ Ջերարդ Քալենը հակիրճ ներկայացրել է «ԱԴՄ անհատական ուսուցման օժանդակություն» 10-րդ մոդուլը։