Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, մայիսի 22-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի պետ Արմինե Աբրահամյանը, ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության եւ Ագրոէկոլոգիա եւ Բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությունների մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտների հետ համատեղ կազմակերպել էր «Ագրոկենսառեսուրսների կիրառական նշանակությունը» թեմայով բաց դաս։
Դասին ներկա էին Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանը, դասախոսներ եւ 30-ից ավելի ուսանողներ։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը, Բույսերի գենետիկայի եւ սելեկցիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը։
Բանախոսներին եւ դասի կառուցվածքը ներկայացնելուց հետո, որն արեց տիկին Աբրահամյանը, զեկույցներով հանդես եկան մագիստրոսներ Սյուզանա Ավետյանը, Տաթեւիկ Դադյանը եւ Զարուհի Հովեյանը։ Նրանք ներկայացրեցին Հայաստանի համար կարեւոր մշակաբույսերի մշակության արդյունավետության բարձրացման եւ տեղական սորտերի պահպանության վերաբերյալ իրենց ռազմավարական նախագծերն ու առաջարկները։ Նորավարտ մագիստրոսների թեմաները հետաքրքրական էին, արդիական. Զարուհու զեկույցը, մասնավորապես, վերաբերում էր բիոմիմիկային (կենսադիմախաղ) եւ դրա կիրառական ուղություններին՝ ագրոկենսառեսուրսների հարակայուն օգտագործման եւ պահպանման համար։
«Զեկույցներից հետո ծավալված քննարկումները, որոնց մասնակցում էին հրավիրված դասախոսները, անմիջականորեն բխում էին երիտասարդների զեկույցներում բարձրացված խնդիրներից: Բարձրաձայնվեցին տեղական սորտերի պահպանումից մինչեւ կենսաբազմազանության թվային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող մի շարք կարեւոր խնդիրներ։ Այս առումով տեղին է, որ պրոֆ․Մելիքյանը երիտասարդ մասնագետների ուշադրությունը հրավիրեց տեղական սորտերի ստեղծման եւ զարգացման գործում Ագրարային համալսարանի երախտավոր գիտնականների՝ պրոֆ․ Ասատուր Մարգարյանի, պրոֆ․ Պետրոս Այվազյանի եւ այլոց գիտական անգնահատելի ժառանգությունը արժեւորելու անհրաժեշտության վրա», – նշեց Արմինե Աբրահամյանը։
Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ ընթացիկ Բիոդատա ծրագրին, որի շնորհիվ հնարավոր կլինի թվայնացնել եւ պահպանել ագրոկենսաբազմազանության տեղեկատվական համակարգը։
Քննարկմանը հաջորդեց բիոմիմիկայի մի քանի ուղղությունների վերաբերյալ հետաքրքիր գաղափարների առաջքաշումը՝ որպես ագրոկենսառեսուրսների ծառայությունների բարձրացմամբ հարակայուն գյուղատնտեսության զարգացման նորարարական ուղղություն։
Ըստ տիկին Աբրահամյանի, համալսարանն ավարտելուց հետո էլ մեր շրջանավարտների՝ դասընթացին մասնակցելու մեծ պատասխանատվությունը եւ պատրաստակամությունը խոսում են նրանց մասնագիտական եւ մարդկային լավագույն որակների մասին։
Բաց դասի եզրափակիչ մասում Արմինեն հանդես եկավ «Այսօրվա բազմազանությունը վաղվա ժառանգություն է» բանախոսությամբ եւ Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական խոսքով: