Օրերս Ագրիթեք ինկուբատորում տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համատեղ «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի սեմինարաշարի հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիրված դինամիկ ագրոանտառաբուծության մեթոդներին:
Դասընթացավարը Մոլեսենեյտա հետազոտական ֆերմայի հիմնադիր դոկտոր Նոեմի Շտադլեր-Կալիչն էր, որն Ագրիթեքում հավաքված գործընկերներին եւ ագրոանտառաբուծությամբ հետաքրքրված այլ շահագրգիռ մասնակիցներին տեսակապի միջոցով հանգամանորեն ներկայացրեց սեմինարի թեման, այն է «Դինամիկ ագրոանտառաբուծությունը՝ որպես Բոլիվիայի Անդերի բարձր եւ չորային շրջաններում հողի բերրիությունը եւ ջրի պահպանման կարողությունը բարելավելու միջոց»:
Դոկտոր Շտադլեր-Կալիչը, ունենալով Կասել-Վիտցենհաուզենի համալսարանի միջազգային գյուղատնտեսության եւ Ֆրայբուրգի համալսարանի մանկավարժության որակավորում, 1998 թվականին հիմնադրել է հիշյալ գիտահետազոտական ֆերման Բոլիվիայի Կոմբույր գյուղի Անդյան ագրոանտառային կենտրոնում՝ իրեն նվիրելով դինամիկ ագրոանտառաբուծության մշակության մեթոդների հետազոտություններին եւ հետագա զարգացմանը: Սեմինարի ընթացքում նա ներկաներին հաղորդակից դարձրեց թեմայի առնչությամբ տարիների ընթացքում իր կուտակած փորձին ու կատարած հետազոտությունների արդյունքներին, անդրադարձավ դինամիկ ագրանտառաբուծության հիմունքներին, որը բնութագրվում է բուսականության բարձր խտությամբ և տեսակների բազմազանությամբ, հանգեցնում օգտակար ու վնասկար միջատների հավասարակշռությանն ու նպաստում մեծ քանակությամբ կենսազանգվածի առաջացմանը՝ սիմբիոզի ու արմատների ձեւավորմամբ, որն էլ բերում է հողում հումուսի ավելացմանը: Բանախոսը ներկայացրեց նաեւ, թե ինչպես են ստեղծվում ու գործարկվում նման դինամիկ ագրոանտառաբուծական հողատարածքները, խոսեց լրացուցիչ արդյունք ապահովող այլ գործոններից, մասնավորապես՝ փայտածուխից ու մանրացված ճյուղերից:
Սեմինարին մասնակցում էին ինչպես Ագրարային համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, այնպես էլ ոլորտի այլ շահակիցներ՝ բնապահպաններ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք դասախոսության ավարտից հետո իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին եւ սեմինարի կազմակերպիչներին: Հիշեցնենք, որ Ագրարային համալսարանում սեմինարաշարը համակարգում է Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնը: