Քսան տարի է ինչ UNESCO-ի հովանու ներքո միջազգային գիտական եւ մերձգիտական հանրությունը նշում է Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրը։ Այսօր ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, տեղի են ունենում գիտության արժեւորման, հանրայնացման եւ գիտության հանդեպ հասարակական գիտակցության բարձրացման նպատակ հետապնդող տարատեսակ միջոցառումներ, փորձ է արվում ոլորտում ներգրավված մարդկանց ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացնել ի նպաստ խաղաղության ու զարգացման։
Թվային տեխնոլոգիաների ներկա բուռն զարգացումը ոչ միայն չի նսեմացնում, այլեւ առավել շեշտադրում է հիմնարար գիտության դերն ու կարեւորությունը։ Ագրարային համալսարանը ագրոտեխնոլոգիական գիտակրթական գերազանցության կենտրոնի փոխակերպելու ներկա գործընթացում մենք ամեն օր տեսնում եւ օգտագործում ենք ագրարային գիտության ու բարձր տեխնոլոգիաների անքակտելի կապը՝ հասկանալով ու գնահատելով դրանց կարեւորությունը մեր երկրի պարենային, այլ խոսքով՝ ազգային անվտանգության հարցում։
Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած աննախադեպ մարտահրավերները, որոնք, սակայն, մենք դիտարկում ենք նաեւ որպես հնարավորություն, արտաքին թշնամուն պետք է դիմագրավենք ոչ միայն զենքով, այլեւ գիտահեն տնտեսությամբ։ Մենք լավ ենք գիտակցում, որ գյուղատնտեսական գիտության զարգացումն, այս առումով, ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն կայուն տնտեսության, այլեւ հենց խաղաղության եւ ընդհանուր առաջընթացի տեսանկյունից․ մենք մեր երկրի համար արժանապատիվ խաղաղություն պետք է պարտադրենք նաեւ զարգացած գիտությամբ ու կրթական համակարգով։ Այս առաքելության մեջ հաջողելու լավատեսության հիմքեր են տալիս պետական ավելացող ուշադրությունը, գիտության երիտասարդացման դանդաղ, բայց կարծես կայունացող գործընթացը եւ մեր իսկ վճռականությունը՝ մեր պատասխանատվության ծիրում մեր գործը պատշաճ կատարելու եւ հաջորդ սերնդի համար ճանապարհ հարթելու։
Ագրարային համալսարանի եւ ընդհանրապես մեր երկրի գիտնականներին, դասախոսներին, ասպիրանտներին, ուսանողներին, գիտությանն առնչվող բոլոր մարդկանց շնորհավորում եմ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք հանուն ազգային ու համաշխարհային գիտության, հանուն խաղաղության եւ զարգացման։ Իմ երիտասարդ գործընկերներին մաղթում եւ հորդորում եմ անընդհատ բարձրանալ գիտության աստիճաններով՝ չփնտրելով գագաթ տանող վերելակ։