Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, քոլեջի ու վարժարանի սաներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ եւ հղում ամենաջերմ մաղթանքներս այս գեղեցիկ, իմաստալից տոնի առթիվ։
Տոնը լայնորեն նշվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում։ Այն ուսանող երիտասարդության համար սերնդակիցների ու հավասարակիցների, նաեւ ավագ սերնդի հետ համերաշխության, կրթության իրավունքի, անձի ազատ կամարտահայտության եւ աշխատելու ու հայրենաշինության շենքին քար դնելու խորհուրդն ունի։ Այս օրով մենք հիշում ու մեր խոնարհումն ենք բերում վերջին պատերազմում անմահացած մեր ուսանողների հիշատակին եւ պարտավորվում շարունակել եւ ամբողջացնել հաջողությունների շղթան, որին վերջին տարիներին մեզ հաջողվել է հասնել որպես ագրարային կրթություն տվող միակ համալսարան։
Սովորելու, երկրի ագրարային եւ հարակից ոլորտների համար փնտրված ու գնահատված մասնագետ դառնալու ձեր նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք անել եւ անում ենք ավելին։ Համազգային մարտահրավերների, բայց նաեւ տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ թվային լուծումների մեր բարդ ու հետաքրքիր դարաշրջանը դուք կարող եք շատ ավելի լուսավոր դարձնել՝ հանուն մեր երկրի եւ ձեր իսկ ապագայի։
Ուրեմն սովորեք ձեր ծնողների ու մեր հայրենիքի հանդեպ պարտքի զգացումով, իմացեք ձեր իրավունքներն ու պարտականությունները, լիուլի օգտվեք գործնական արդիական կրթություն ստանալու, հետազոտություններ կատարելու, որպես ապագա մասնագետներ մշտապես կատարելագործվելու բոլոր հնարավորություններից, որոնք ստեղծված են մեր համալսարանում։ Հավաստիացնում եմ, որ պրոֆեսորադասախոսական կազմն ու համալսարանի ղեկավարությունը ձեր հուսալի գործընկերներն են, որոնք պատրաստ են ոչ միայն գիտելիք ու փորձ հաղորդել, այլեւ ընդհանրապես օգնել ձեզ կայանալ որպես մասնագետ ու քաղաքացի։
Բարին ընդ ձեզ։