Մայիսի 27-ին ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) «Համաշխարհային պարենային քաղաքականության՝ Եվրասիայի վերաբերյալ 2020թ․-ի զեկույցի» արդյունքների եւ Եվրասիական տարածաշրջանի ագրոպարենային համակարգերի վրա ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության առցանց քննարկմանը։ IFPRI-ի հետ համատեղ այն կազմակերպել էին Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը (տեղակայված է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանում), Տաշքենդի՝ Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Համաշխարհային բանկի խումբը։ Նշված կառույցների ղեկավարները մասնակիցների թվում էին։
Արձանագրելով համավարակի հսկայական երկարաժամկետ բացասական ազդեցությունը աղքատության մակարդակի, պարենային ապահովության եւ թերսնման մակարդակների վրա, հատկապես զարգացող երկրներում՝ մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել ներառական պարենային համակարգի ստեղծման աշխատանքների արագացմանը նպաստելու ուղղությամբ։
Պարոն Ուռուտյանի զեկույցը նվիրված էր Հայաստանի օրինակին։ Նա նշել է, որ ներառական պարենային համակարգը մեր երկրում հրատապ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով աղքատների եւ խոցելի բնակչության աճող թիվը։ Տնային տնտեսությունների 15 տոկոսը շարունակում է մնալ սննդամթերքի առումով անապահով, իսկ առհասարակ երկիրը խոցելի է արտաքին եւ ներքին տնտեսական ցնցումների նկատմամբ։ Յուրաքանչյուր նոր ցնցում, ինչպիսին ՔՈՎԻԴ-19-ն է, ավելացնելու է աղքատության եւ խոցելիության մակարդակը, նշել է պարոն Ուռուտյանը։ Առանց այդ էլ Հայաստանում չորսից մեկն աղքատ է, ընդ որում, ունենք տարածաշրջաններ, որտեղ գյուղական աղքատությունը հասնում է 40 տոկոսի։ ՀԲ-ն եւ Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ-ի համար կանխատեսում են համավարակի հետեւանքով ՀՆԱ-ի նվազում 3,5 տոկոսով, իսկ առհասարակ Եվրասիական տարածաշրջանում ՀՆԱ-ի անկումը լինելու է 4 եւ 8 տոկոսի միջակայքում, տեղեկացրել է ՀԱԱՀ-ի ռեկտորը։
Ռեկտոր Ուռուտյանն այնուհետեւ քննության է առել գյուղատնտեսական արժեշղթաների վրա թագավարակի «համակողմանի» բացասական ազդեցությունները՝ սկսած արդեն առկա խնդիրների (փոքր, մասնատված հողատարածքներ, ֆերմերների շրջանում ձեռնարկչական հմտությունների բացակայություն, շուկայի եւ տեղեկատվության մատչելիության պակաս, հողերի 49 տոկոսի չմշակում եւ այլն) խորացումից մինչեւ տուրիզմի եւ ծառայությունների ոլորտի ճգնաժամի պատճառով հացամթերքի արտադրության ծավալների ակնկալվող անկումը եւ ցորենի ու ալյուրի գների հավանական տատանումները, ջերմատնային տնտեսությունների գնորդների կորուստը, արտահանման շուկայի կրճատման հետեւանքով գինու եւ կոնյակի արդյունաբերության կողմից խաղողի մթերումների 30-50 %-ով անկումը, կանանց եւ երիտասարդության շրջանում գործազրկության ահագնացող ցուցանիշները, երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը կազմող տրանսֆերտների սպասվող կտրուկ նվազումը, ուստիեւ՝ կառավարության կողմից աշխատանքային միգրացիայից հարկադրաբար վերադարձած մարդկանց վերաինտեգրման քաղաքականության մշակման եւ սոցիալական ապահովության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրամայականը եւ այլն։
ՀԱԱՀ-ի ռեկտորն այնուհետեւ անդրադարձել է համավարակի հետեւանքով տուրիզմի 80-90 տոկոսով անկմանը, մասնանշելով, որ այս ոլորտում վերջին տասնամյակում լայնորեն ու հաջողությամբ ընդգրկված սիրիահայ փախստականների ինտեգրման հարցում լուրջ դժվարություններ են սպասվում։ Ուստի, աջակցության որոշակի մեխանիզմ պետք է գործի դրվի հազարավոր սիրիահայերի հետագա վերաինտեգրումը վտանգի տակ չդնելու համար։ Առհասարակ, տուրիզմի ոլորտի անկումը շղթայական անկման ազդեցություն կունենա նաեւ հարակից այլ ոլորտների վրա, արձանագրել է պարոն Ուռուտյանը։
Քննարկմանը մասնակցած միջազգային փորձագետներն առաջարկել են Եվրասիական տարածաշրջանում սննդի շղթայի՝ ՔՈՎԻԴ-19-ի հարուցած խափանումների ներկա իրավիճակը հնարավորինս մեղմելու մեխանիզմներ։
Մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի գյուղատնտեսական քաղաքականություն իրականացնողներին ռեկտոր Ուռուտյանի հիմնական ուղերձն էր՝ ներդրում անել մարդկային կապիտալի, կրթության, ներառական պարենային համակարգի ստեղծման մեջ, խթանել արտադրողների կազմակերպությունների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների կայացումը եւ, անշուշտ, թվային տեխնոլոգիաների, նորարարության զարգացումը։
Այստեղ կարելի է հետեւել առցանց քննարկմանը (ՀԱԱՀ-ի ռեկտորի խոսքը սկսվում է 1։10։50-ին)։