Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի երկրորդ մասը նշանավորվեց «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» խորագրով միջոցառումների շարքով, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Շտուտգարտում, 25-ին Քյոլնում եւ 26-ին Բեռլինում։ Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության կազմում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Միջոցառումները համատեղ կազմակերպել էին GIZ-ը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի եւ Wines of Armenia առցանց վաճառքի միասնական հարթակի հետ համատեղ: Նպատակն էր՝ Գերմանիայի հայ համայնքին ներկայացնել հայկական գինեգործության հարուստ մշակույթը, ներկա վերածնունդը եւ գինեգործության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես հայկական գինիների ուղիղ վաճառքի https://winesofarmenia.store/ առցանց հարթակը եւ ԵՄ-ում գործող գինիների միասնական պահեստը: Այս հարթակում ներկայացված են լինելու նաեւ մեր համալսարանի «Սերունդ» գինիները։
Հայկական գինեգործության ու գինու մշակույթի վերաբերյալ ներկայացումներից, ՀԽԳ հիմնադրամի պատրաստած կարճ տեսահոլովակից եւ երաժշտական կատարումներից հետո տեղի էր ունենում հայկական գինիների համտես:
Միջոցառումների շարքին մասնակցեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, գերմանական հոգեւոր եւ գործարար հանրության ներկայացուցիչներ: