Նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Քեն Կակոսյան ընտանիք կրթաթոշակային հիմնադրամի շնորհանդեսը։ Քեն եւ Իրինա Կակոսյանները Սփյուռքում (Նյու Յորքում) գործող հայտնի բժիշկներ են։
Հիմնադրամը տարեկան 100․000 ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանի մարզերից եւ Արցախից եկած առաջադեմ եւ պատվախնդիր այն ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, որոնք սովորում են երեք բուհերում՝ Հայաստանի ամերիկյան, Երեւանի պետական եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարաններում։ Ծրագրի կառավարումն իրականացնելու է ՀԱՀ-ը։ Հիմնադրամը կփոխհատուցի ընտրված ուսանողների 4 տարվա ուսման վարձը՝ մինչեւ 100 տոկոսով։ Կրթաթոշակ կստանան առավել խոցելի մարզերի՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արցախի բնակիչ ուսանողները։
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, շնորհակալություն հայտնելով բարերարներին, կարեւոր համարեց համալսարանների ակտիվ մասնակցությունը նորօրյա գիտելիքների փոխանցման եւ նոր առաջնորդների պատրաստման առաքելությանը։
Դոկտ․ Քեն եւ դոկտ․ Իրինա Կակոսյանները նշեցին, որ կրթաթոշակի վերջնանպատակը մարզերի զարգացման հավասար հնարավորությունների ստեղծման նկատառումով առավել խոցելի մարզերում ու համայնքներում ուսանողների ապագա մասնագիտական գործունեությանը նպաստելն է։ Նրանք շնորհակալություն հայտնեցին երեք համալսարաններին՝ ծրագրի շուրջ համախմբվելու համար։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ուղերձով ողջունել է հիմնադրամի ստեղծումը որպես մարզային երիտասարդության՝ երկրի զարգացման գործում ասելիք ունենալու հնարավորություն։ «Քեն Կակոսյան ընտանիք հիմնադրամի ներդրումը շատ արժեքավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած դժվարությունները։ Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հիմնադրամի հետ գործակցող երեք բուհերից մեկն է եւ ջերմորեն ողջունում ու բարձր եմ գնահատում մեր ուսանողների համար ստեղծված այս եզակի հնարավորությունը՝ մասնակից դառնալու այդ ոգեւորիչ զարգացմանը։ Մենք ուրախ ենք, որ հիմնադրամը արժեւորում է այնպիսի գերակա ուղղության դերը, ինչպիսին գյուղի եւ գյուղատնտեսության զարգացումն է։ Սա նշանակում է, որ թիրախային մարզերից եկած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու կրթաթոշակ, որը թույլ կտա իրականացնել հարազատ համայքների զարգացման իրենց տեսլականը եւ սեփական մասնագիտական կարիերան՝ դրանով իսկ նպաստելով մարզերի եւ համայնքների հավասարակշռված զարգացմանը»,- նշել է պարոն Ուռուտյանը։
Հիմնադրամի ստեղծումը ողջունել են նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը։
https://newsroom.aua.am/2022/11/14/aua-announces-kenn-kakosian-family-scholarship-fund/