«Ի՞նչ կարծիք կազմեցիք Ագրարային համալսարանի մասին»՝ շրջայցի ավարտին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ուղիղ հարցին այսօր համալսարան եկած Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների միահամուռ պատասխանն էր՝ շատ դրական։ Եղան նաեւ աշակերտներ, որոնք հայտարարեցին, որ շրջայցից ու համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներից անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո արդեն կողմնորոշվել են եւ դիմելու են Ագրարային համալսարան։
Երեխաներից շատերը խոստովանեցին, որ լիարժեք պատկերացում կամ առհասարակ պատկերացում չունեին Ագրարայինի մասին եւ չէին սպասում, որ այստեղ այսքան լավ պայմաններ են ստեղծված արդիական կրթություն ստանալու համար։ Նրանք շատ առարկայական տեղեկություններ ձեռք բերեցին երկրի համար կարեւորագույն, աշխատաշուկայում խիստ պահանջարկված եւ, ինչու ոչ՝ շատ բարձր վարձատրություն ապահովող ագրարային մասնագիտությունների մասին, որոնք ուսուցանվում են համալսարանում։
Քանաքեռավանցիները եղան Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում, ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, Գարեջրագործության եւ թորման եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիաներում, ինչպես նաեւ վերջերս նոր, ավելի ընդարձակ տարածքում ծավալված Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում։ Մի բան հստակ է․ քանաքեռավանցի դպրոցականները նորից այցելելու ցանկությամբ հրաժեշտ տվեցին։
Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի հետ Ագրարային համալսարանը տարիների կապեր ունի, որոնք նորացվեցին այս այցելությամբ, իսկ հետագա համագործակցությունը կնշանավորվի մոտ օրերս կնքվելիք հուշագրով։