Մարտի 14-25-ը ՀԱԱՀ-ն իրականացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատանքի անվտանգության բաժնի երկու ճարտարագետների համար վերապատրաստման դասընթաց «Արտադրական վիբրացիայի չափման եղանակներն ու սարքավորումները» թեմայով։
Դասընթացի տեսական մասն անցկացրել է Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, իսկ գործնական դասընթացը՝ ամբիոնի դասախոս, Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։ Դասընթացի առյուծի բաժինը՝ 42 ժամից 34-ը, կազմում էր գործնական ծրագիրը․ եւս 2 ժամ տրամադրվել է յուրացված գիտելիքների ստուգմանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների համար պրոֆեսոր Հակոբյանը բացահայտեց մեքենաների եւ սարքավորումների վիբրացիայի նվազեցման միջոցառումները, վիբրացիայի մակարդակի չափման սարքերի տեսակները, կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը եւ այլն։
Գործնական ուսուցման ընթացքում պղնձագործները տիկին Հովհաննիսյանի օգնությամբ գնահատեցին եւ չափեցին հենց կոմբինատի աշխատողների վրա մշտական վիբրացիայի ազդեցությունը։ Կատարեցին վիբրացիայի մակարդակի չափումներ արտադրական շինություններում առանձին աշխատատեղերում եւ այլ գործողություններ։
Չափումները եւ գնահատումները իրականացվել են թե համալսարանի Աշխատանքի անվտանգության լաբորատորիայում եւ թե Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի լաբորատորիաներում։ Դասընթացը ինստիտուտի եւ համալսարանի միջեւ ծավալված գործակցության գոհացուցիչ իրագործումներից մեկն է, որ օգտակար նշանակություն ունեցավ հանքարդյունաբերության առաջատար ընկերությունում աշխատանքի անվտանգության մակարդակը բարձրացնելու գործում։