Նշանակալից հոբելյան, ուժեղ ու գեղեցիկ օրինակ․ պրոֆեսոր Ստեփան Մարգարյանը 94 տարեկան է

Այսօր՝ օգոստոսի 31-ին լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 94-ամյակը։ Նշանակալից հոբելյան, մեծ վաստակով իմաստավորված կյանք, գիտական-մասնագիտական գործունեություն, որ այսօր էլ շարունակվում է նույն՝ գործընկերների մեծագույն պատկառանքն առաջացնող երիտասարդական եռանդով, գիտության ու կրթության գործին եւ Ագրարային համալսարանին նույն նվիրվածությամբ։

Պրոֆեսոր Մարգարյանը շարունակում է լինել տարբեր սերունդների իր գործընկերների կողքին, իր հսկայական կենսափորձով ու իմաստուն խորհուրդներով օգնել հատկապես երիտասարդներին։ Մենք սովոր ենք նրա մշտական, հաճելի, աշխույժ, իմաստուն ներկայությանը մեր կողքին։ Եվ բոլորիս սրտի ցանկությունն է՝ դեռ երկար տարիներ վայելել այդ ներկայությունը՝ ոչ թե պարզապես որպես խորհրդանիշ, այլ ինչպես միշտ եւ ինչպես այսօր՝ որպես գործող գիտնականի, մանկավարժի եւ համալսարանի ամենօրյա կյանքով ապրող գործընկերոջ ու ընկերոջ։

Ծնունդով երեւանցի Ստեփան Մարգարյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է 1955-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում։ 1971-ից՝ դոկտոր, 1976-ից պրոֆեսոր, 1994-ից՝ ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։ Պրոֆ․ Մարգարյանն անուրանալի ներդրում է ունեցել երկրագործական մեխանիկայի զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել եւ արտադրությունում ներդրվել են տասնյակից ավելի նոր տեխնոլոգիաներ ու մեքենաներ Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս։ Հեղինակ է 450-ից ավելի գիտական աշխատանքների, շուրջ երկու տասնյակ գրքերի, ունի 56 հեղինակային վկայական, ՀՀ 21 արտոնագիր, 4 միջազգային պատենտ․․․

Պրոֆեսոր Մարգարյանի կենսագրությանն ավելի մասնամասն կարելի է ծանոթանալ այստեղ։

Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ ամբողջ անձնակազմը, ուսանողությունը, տարբեր տասնամյակների բազմաթիվ շրջանավարտները ջերմորեն շնորհավորում են պրոֆեսոր Մարգարյանին՝ գեղեցիկ հոբելյանի առթիվ։ Մաղթում ենք, որ մեր համալսարանի պատվելի հնամարտիկը շարունակի մնալ համալսարանի երախտավորի, գիտնականի, մանկավարժի, քաղաքացու եւ պարզապես առողջ ու ակտիվ մարդու իր այսօրվա հզոր դիրքերում՝ մեր կողքին, հարազատ համալսարանի կողքին, որ նույնպես 94 տարեկան է։

Իսկ տարիները թող շարունակեն նրա կողքով այնպես լուռ անցնել, որ ոչ ինքը եւ ոչ էլ մենք չնկատենք։