Ճշգրիտ գյուղատնտեսություն․ քննություն՝ արհեստական բանականության կազմած հարցաշարով

Մագիստրատուրայում ներդրված Ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության առաջին ուսանողները հինգն են, բայց նրանք են, որ գիտեն, թե ուր են եկել եւ ինչի համար։ Ի դեպ, հենց իրենք վստահ են, որ հաջորդ ուսումնական տարում արդիական այս մասնագիտության «հետեւորդների» թիվն ավելանալու է՝ զուտ տեղեկացվածությամբ պայմանավորված։

ՀԱԱՀ ռեկտորի՝ ուղահայաց գյուղատնտեսության եւ կառավարվող միջավայրի գյուղատնտեսության գծով խորհրդական, Ագրոթեքնիք ինթերնեյշնլ ընկերության տնօրեն Գեւիկ Դավուդին այս կիսամյակում դասավանդում է «Համակարգիչների օգտագործումը եւ տելեմատիկան ճշգրիտ գյուղատնտեսության մեջ», ինչպես նաեւ «Իրերի համացանցը (IOT) ճշգրիտ գյուղատնտեսության մեջ» առարկաները։

«Տարաշխարհիկ» անվանումներով այս դասընթացները նորություն են մեր համալսարանում, իսկ դասավանդող դասախոսը ոլորտում գործող բարձրակարգ մասնագետ եւ կառավարիչ է, որն իր արժեքավոր տեսական ու գործնական փորձը ուսանողներին է հաղորդում արտակարգ նվիրվածությամբ ու ինքնահատուկ խանդավառությամբ։

Հերթական դասի թեման վերաբերում էր մրգերի մատակարարման շղթայում IOT տեխնոլոգիաների օգտագործման եղանակներին։ Ուսանողները դասախոսի ուղղորդմամբ վեր են հանում մի շարք, առայժմ ոչ այնքան պարզունակ իրողություններ, որոնք վաղը դառնալու են իրենց աշխատանքային գործունեության մեջ կիրառվող պարզ, գուցե նաեւ հասարակ ճշմարտություններ․ IOT-ի օգնությամբ ջերմաստիճանի եւ խոնավության մշտադիտարկում, հետեւելիություն եւ հետագծելիություն, որակի վերահսկողություն, կանխարգելիչ խնամք, խելացի փաթեթավորում եւ այլն։ IOT-ն թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել մրգի շարժին եւ վիճակին, որն իր հերթին օգնում է նվազեցնել թափոնները եւ ի վերջո բարելավել արտադրության շահութաբերությունը։ Սա ճշգրիտ գյուղատնտեսության կիրառական նշանակության մեկ պարզ օրինակ է․ ոլորտն, առհասարակ, շատ մեծ ընդգրկում ունի։

Պարոն Դավուդին եւս մեկ նորամուծություն է նախաձեռնել․ Համակարգիչների օգտագործումը եւ տելեմատիկան ճշգրիտ գյուղատնտեսության մեջ առարկայի միջանկյալ քննությունն անցկացրել է արհեստական բանակականության ստեղծած թեստային հարցաշարի օգնությամբ։ Պատասխանները համեմատվել են հենց իր՝ ԱԲ-ի պատրաստած պատասխանների հետ։ Արդյունքից գոհ են բոլոր «կողմերը»՝ ուսանողները, դասախոսը, արհեստական բանականությունը։