Գիտխորհրդի նոյեմբերյան նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հերթական լավ լուրով․ ՀԱԱՀ-ը Հայաստանի ներդրումային խորհրդի ավելի քան 100 հայտատուներից ընտրված այն 11 կազմակերպություններից մեկն է, որոնք աշխատելու են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ղեկավարած այս կառույցի հետ՝ գործարար միջավայրի մարտահրավերների քարտեզագրման ու դրանց լուծման օրենսդրական բարեփոխումների մշակման ուղղությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը կներկայացնի մեր համալսարանը ՓՄՁ զարգացման խորհրդում, որը գործուն մասնակցություն է ունենալու, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում օրենսդրական բարեփոխումերի իրականացման գործում։ Այս առումով պարոն Ուռուտյանն ակնկալում է համալսարանի ստորաբաժանումներից առաջարկների ակտիվ հոսք, որոնք ուղղակիորեն կներակայացվեն փոխվարչապետին։
Հիմնական օրակարգում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի, ինչպես նաեւ դոցենտի գիտական կոչման մրցույթի կազմակերպումն էր։ Դեկանի պաշտոնին հավակնում էին ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տեխն․ գիտ․ դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը եւ նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխն․ գիտ․ թեկնածու, դոցենտ Աննա Պետրոսյանը։ Թեկնածուներին նախ ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, որից հետո յուրաքանչյուրը ներկայացրեց ֆակուլտետի զարգացման իր հայեցակարգը՝ պատասխանելով գիտխորհրդի անդամների եւ նախագահի հարցերին։ Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ դեկան ընտրվեց Սմբատ Դավեյանը։
Գիտխորհրդի անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ դոցենտի գիտական կոչման արժանացան հինգ երիտասարդ դասախոսներ՝ Նանե Խուդավերդյանը, Լուսինե Մաթեոսյանը, Փառանձեմ Մինասյանը, Մարիաննա Հովհաննիսյանը եւ Արամ Տոնապետյանը։
Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց նորընծա դեկանին եւ դոցենտներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք հանուն ոլորտի եւ մեր երկրի զարգացման ու առաջընթացի։
Գիտխորհրդի նիստը քննարկեց աշխատակազմի վերապատրաստման, ՈԳԱ կենտրոնի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ եւ այլ հարցեր, որոնց մասին կտեղեկացնենք հաջորդիվ։