Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագիրը, որն Ագրարային համալսարանը սկսել էր այս տարվա փետրվարին, հասավ ավարտին։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ծրագրի փակման եւ ավարտական հավաստագրերի հանձնման օրն էր։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ջերմորեն ողջունեց ծրագրի բոլոր շահակիցներին։ Պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց Եվրոպական Միությունից եւ Ավստրիական զարգացման համագործակցությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի դերը, որի շրջանակում է իրականացվել սերմերի եւ տնկանյութի հավաստագրման եւ փորձորոշման՝ Հայաստանում առաջին քայլերն անող համակարգի զարգացման նախադրյալներ ստեղծող այս ծրագիրը։ Համալսարանի հավատարիմ գործընկեր EU-GAIA-ի դերը ռեկտորը բարձր գնահատեց նաեւ առհասարակ մեզանում փորձորոշողների ինստիտուտի կայացման տեսակետից։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որն իր ուսումնասիրությունների եւ մասնագիտական վերլուծությունների հիման վրա քարտեզագրել է ոլորտի կարիքներն ու «հուշել» հետագա ընթացքը, ինչպես նաեւ համագործակցող այգետերերին եւ ՍԱՏՄ բուսասանիտարիայի լաբորատորիային եւ ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի լաբորատորիային։
EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսն իր շնորհավորական ուղերձում, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, հույս հայտնեց, որ վերապատրաստման այս ծրագիրը լավ մեկնարկ կլինի Հայաստանում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման ու փորձորոշման գործընթացի հետագա կազմակերպման համար։ Շնորհակալություն հայտնելով ՀԱԱՀ-ին եւ ԳՀՀԿ ՊՈԱԿ-ին, նա ուրախությամբ նկատեց, որ ծրագրի մասնակիցների մեծամասնությունը կանայք են, որոնց ակտիվ մասնակցությունը ոլորտում հուսալի ցանցաստեղծման, առհասարակ համակարգի ներդրման գործում կարեւոր է լինելու։
Ծրագրի ղեկավար Սուսաննա Մեժլումյանն իր հերթին շնորհավորեց ծրագրի շահառուներին եւ շնորհակալություն հայտնեց գործընկերներին ոչ միայն ծրագրի հաջող իրականացման, այլեւ առաջին անգամ մեր իրականությունում ոլորտային մասնագիտական ձեռնարկի հրատարակման հարցում աջակցության համար։ Ըստ տիկին Մեժլումյանի, նախագիծն ընդհանուր առմամբ հասել է իր նպատակին, այն է՝ մեր երկրում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման արդյունավետ համակարգի բացակայության պայմաններում բարձրորակ սերմերի եւ տնկանյութի հասանելիության ապահովումը եւ այս ոլորտում մասնագետների կարողունակության բարձրացումը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն տնկարանատերերին, այգետերերին ու լաբորատորիաներին, որոնց մոտ անցկացվել է դասընթացի գործնական մասը։ Տեղեկացրեց, որ ծրագրի 28 դիմորդներից ընդունվել է 24-ը, որոնցից 20-ն է ստանում ավարտական հավաստագիր։ Մասնակիցների խումբը ձեւավորվել է ագրոնոմներից, ագրոնոմիական կրթություն ունեցող ֆերմերներից, ՀԱԱՀ դասախոսներից, ասպիրանտներից եւ մագիստրանտներից։
Ծրագրի նշանակությունը համակարգի հետագա ներդրման տեսակետից բարձր գնահատեցին նաեւ Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի տնօրեն Դավիթ Բաբայանը, դասավանդող դասախոսներ եւ ձեռնարկի հեղինակներ Գայանե Ավագյանն ու Արամ Ասատրյանը եւ մասնակիցներից Սոնա Սարգսյանը։
Ոլորտի կարգավորմանը մեծապես կնպաստի նաեւ տնկարանային տնտեսությունների մասին օրենքը, որ վերջերս է ընդունվել եւ ուժի մեջ կմտնի եկող տարվա սեպտեմբերին։
Ավարտական հավաստագրերը հանձնեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը։