Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Դանուղյանը վերադարձել է Հունաստանից եւ հաճույքով հաղորդակից է դարձնում Էրազմուս+-ի շրջանակում Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում մեկ կիսամյակ սովորելու իր փորձառությանը։ Ընդ որում, թե համալսարանի եւ թե մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի եւ առհասարակ ՀԱԱՀ-ի բազմապիսի միջազգային կրթական ծրագրերի եւ արտերկրի լավագույն համալսարանների հետ համագործակցության դերը։
«Շատերը Հունաստանը հիմնականում առնչակցում են արեւի, ծովի, գեղեցիկ լողափերի եւ դրախտային կղզիների հետ, սակայն այդ երկիրը ինձ համար, նախ եւ առաջ, մարդիկ են՝ հյուրասեր, բարեհամբույր, լի դրական Էներգիայով ու միշտ պատրաստ քեզ օգնելու․ մասնավորապես՝ դասախոսները»,- ասում է Նանեն։
Նանեն պատմում է, որ դասերը որեւէ հստակ ձեւաչափով չէին անցկացվում։ Յուրաքանչյուր դասախոս ունի դասավանդելու իր յուրահատուկ ձեւը եւ ոճը։ «Սկզբնական շրջանում մասնագիտական տերմիններ հասկանալու որոշակի խնդիրներ էի ունենում, բայց ամեն բան շատ հեշտ հաղթահարելի է դառնում, երբ լինում է սովորելու մեծ ցանկություն, եւ կողքիդ ունենում ես դասախոսներ, ովքեր պատրաստ են քեզ օգնելու նույնիսկ ոչ աշխատանքային ժամերի»,- շարունակում է Նանեն։
Ինչպես Էրազմուս+ ծրագրի շրջանակում եվրոպական համալսարաններում ուսանած գործնականում բոլոր ուսանողները, Նանեն նույնպես այն համոզմունքին է, որ այն հրաշալի հնարավորություն է ոչ միայն բուն կրթական նպատակներ իրականացնելու, այլեւ դառնալու ավելի ինքնուրույն ու համարձակ, բացահայտելու ինքդ քեզ, ծանոթանալու նոր մարդկանց հետ եւ նրանց մշակույթներին։ Այս ամենը մեր ուսանողներին ավելի լայնախոհ ու շրջահայաց է դարձնում։
«Եթե ուզում ես նոր գիտելիքներ ստանալ, պատրաստ ես հետաքրքիր արկածների, բաց ես նոր ծանոթությունների համար, ուզում ես բարելավել լեզվական եւ փափուկ հմտություններդ, միշտ ցանկացել ես ճամփորդել Եվրոպական երկրներում, մի կողմ դիր բոլոր կասկածներդ եւ մտավախություններդ, հավատա ինքդ քեզ ու հիշիր, որ շարժունության ողջ ընթացքում քո կողքին կունենաս Միջազգային կապերի դեպարտամենտի՝ իրենց գործին գիտակ մասնագետների այնպիսի թիմ, ովքեր պատրաստ են մեծ սիրով ուղղորդել եւ աջակցել քեզ ամեն պահի»,- սա է Նանե Դանուղյանի ուղերձն Ագրարային համալսարանի իր հավասարակիցներին։