Ուսանողական գիտական ընկերության եւ Ուսանողական խորհրդի կազմակերպած Ուսանողական գիտական շաբաթվա վերջին երկու ամփոփիչ օրերը՝ մայիսի 27-29-ը, նվիրված էին միջբուհական գիտաժողովին եւ անցկացվեց համալսարանի Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տան ագրոճամբարում։
Գիտաժողովին զեկույցներ ներկայացրեցին ինչպես ՀԱԱՀ-ի, այնպես էլ երկրի տարբեր բուհերի շուրջ 30 ուսանողներ։ Ագրարայինի զեկուցումները Ուսանողական գիտական շաբաթվա համալսարանական փուլում աչքի ընկածներն էին։
Միջբուհական գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը։ Նա այս գիտաժողովի առանձնահատկություններից մեկը համարեց հենց անցկացման վայրը՝ ՀԱԱՀ Ուսուցման եւ վերապատրաստման նորարարական ագրոճամբարը։ Պրոռեկտոր Ծպնեցյանը գիտության բնագավառում երիտասարդների գործունեության քաջալերումը, մասնավորապես՝ ուսանողական դրամաշնորհների եւ համալսարանի ագրոտեխնոլոգիական ստարտափների ինկուբատորի ընձեռած հնարավորությունների տեսքով, համարեց ագրոպարենային ոլորտի գլոբալ մարտահրավերներին դիմակայելու կարեւոր միջոց։ Առանձնահատուկ կերպով ողջունելով գործընկեր համալսարանների ուսանողների մասնակցությունը՝ գիտության գծով պրոռեկտորը գիտաժողովը կարեւոր համարեց կրթություն-գիտություն կապի ամրապնդման եւ ուսանողների գիտական նախասիրությունների բացահայտման-հստակեցման առումով։
Գիտաժողովի ընթացքում զեկուցված թեմաները բազմազան էին եւ ընդգրկում էին ագրոպարենային եւ հարակից ոլորտների տարբեր ենթաոլորտներ։ Ակնհայտ է ոլորտի նորագույն զարգացումների հետ համաքայլ ընթանալու՝ ուսանողների ձգտումը։ Ինչպես գոհունակությամբ նշում է ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը, ուսանողները պատրաստվել էին լրջորեն, իսկ զեկույցներից հետո ակտիվորեն էին մասնակցում հարցուպատասխանին ու քննարկումներին։
Գիտաժողովի երկրորդ օրը մայիսի 28-ն էր։ Նախքան գիտաժողովի երկրորդ մասին անցնելը, Անկախության վերականգնման փառավոր տոնի առիթով ուսանողների համար 1918-1920 թթ․ հանրապետության մասին շատ հետաքրքիր, կարեւոր ու հիշարժան սեմինար անցկացրեց Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։
Գիտաժողովի ավարտին Ուսանողական գիտական ընկերության նախագահ Զարուհի Հովեյանը շնորհակալական խոսք ուղղեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին՝ աջակցության համար, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամներին՝ ուշադիր, անաչառ եւ հետեւողական աշխատանքի համար։ Հավաստագրեր ստացան բոլոր զեկուցողները, իսկ նրանց զեկույցները կտպագրվեն «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուում։
Մշտական աջակցության համար Զարուհին շնորհակալագիր հանձնեց տ․գ․թ․, դոցենտ Նարինե Հովհաննիյանին, Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, ուսանողներից Սարե Գալստյանին եւ Արմեն Սոլոմոնյանին, ինչպես նաեւ ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահներին։
Մնում է շնորհակալություն հայտնել իրեն՝ Զարուհի Հովեյանին՝ հասուն մոտեցումների, կազմակերպչական կարողությունների եւ նվիրված աշխատանքի համար։