Էրազմուս+ ԵՄ համագործակցության ծրագիրը մեր երկրում, եւ հատկապես մեր բուհում ընդգրկուն են, արդյունավետ: Բայց նոյեմբերի 17-ից մեկնարկած ծրագիրը աննախադեպ է այն առումով, որ համակարգողը կլինի Ագրարային համալսարանը:
«Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտության միջազգային կենտրոնի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ Ուկրաինայի գիտակրթական հաստատությունների հետ համատեղ: Մագիստրանտների ընդունելությունը կլինի երկու տարի անց: Նպատակը մեկն է՝ ի մի բերել գիտություն-կրթություն-տնտեսություն եռամիասնության ներուժը, որի շնորհիվ հնարավոր կլինի ձկնարդյունաբերության զարգազմանը համընթաց նվազեցնել բնությանը հասցվող վնասները: «Նվազեցնել՝ զրոյին միտված»,- ասում է մտահղացման հեղինակը՝ միջազգային կապերի դեպարտամենտի պետ, դոցենտ Գարեգին Համբարձումյանը:
Մինչ կրթական ծրագրի մեկնարկը մեր մասնագետները 10 օրից մինեւ երկու շաբաթ տեւողությամբ կվերապատրաստվեն Պորտուգալիայում, Սլովակիայում եւ Խորվաթիայում: Կուսումնասիրեն Իռլանդիայի, Շվեդիայի օրինակելի փորձը: Կստեղծվի առարկայական ցանկը, կկազմվեն ուսումնական պլանները: Ծրագրով նախատեսվում է ժամանակակից լաբորատորիաների հիմնում ե՛ւ ՀԱԱՀ-ում, ե՛ւ ԳԱԱ կենտրոններում, որոնք կլինեն փոխլրացնող: Քանի որ հիշյալ գիտակրթական հաստատությունները աշխատելու են սերտ համագործակցությամբ, դիպլոմներն էլ կշնորհեն միասին: Նախընտրելի է, որ մագիստրոսական այս ծրագրին դիմեն կենսաբանական խումբ մասնագիտություններից բակալավրի աստիճան ունեցողները:
Ծրագրի մոտեցումն է՝ պատրաստել մասնագետներ, որոնք ոչ միայն կաշխատեն ակվակուլտուրայի եւ ձկնաբուծական տնտեսություններում, այլև կնպաստեն համանման ձեռնարկությունների եւ տնտեսությունների այնպիսի կառավարմանը, որը նվազագույնի հասցնի կամ չեզոքացնի դրանց գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Այս մոտեցումը հիմք հանդիսացավ նոր՝ «կրթությունից դեպի էկոլոգիա» հայեցակարգի ներդրմանը։
Ծրագրի իրականացման 36 ամիսների ավարտին հայաստանյան եւ ուկրաինիական բուհերը կունենան նոր ու բարելավված մագիստրոսական ծրագրեր՝ նոր ուսումնական պլաններով եւ մոդուլային ծրագրերով, դասավանդման եւ ուսումնառության նյութերով, վերապատրաստված մասնագետներով եւ նորաստեղծ լաբորատորիաներով։
Հաջողություն մաղթենք նոր նախաձեռնությանն ու հուսանք, որ շուտով կունենանք կենսաբանական գիտելիքի հենքի վրա ամուր կանգնող, հայրենի բնության համար սրտացավ տնտեսավարողներ: Եւ մեր բնակչության համար այդքան սիրելի սննդամթերքի՝ ձկան արտադրությունը միանգամայն անվտանգ կլինի շրջակա միջավայրի համար: