Միջազգային գիտական հարթակներ. Մերոնք գործուն են

Հայտնի իրողություն է՝ մեր գործընկերներն ավանդաբար բավականին ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների, քննարկումների, հանդես են գալիս զեկուցումներով, արտերկրի մասնագետների հետ համատեղ իրականացնում են հիմնարար եւ կիրառական հետազոտություններ:

Նոյեմբերի 17-ին Զում հարթակով Ռումինիայի Տիմիշոարայի համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Երիտասարդների գիտական հետազոտությունները անասնաբուծության եւ կենսատեխնոլոգիաների ոլորտում» վերտառությամբ, որին մասնակցել են նաեւ Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնում իրականացվող ծրագրից կ.գ.դ., դոցենտ Գայանե Մարմարյանը, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը, ասիստենտ Հասմիկ Գրիգորյանը, փորձագետ Դավիթ Նավասարդյանը, մագիստրանտ Սարգիս Գեւորգյանը:

Նրանց ուսումնասիրությունը վերաբերում է Շիրակի մարզում բուծվող այծերի կաթի կենսաքիմիական ցուցանիշների ուսումնասիրությանը:

Այս շատ հետաքրքիր եւ հանրային առողջության հետ ուղիղ աղերսվող աշխատանքի հեղինակ մեր գործընկերներն օրերս հավաստագիր են ստացել եւ կազմակերպիչները տեղեկացրել են, որ նրանց հոդվածն ընդգրկել են համաժողովի զեկուցումների ժողովածուում: