Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցեց 2022 թ․ մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանի կազմակերպած միջազգային աշխատանքային շաբաթին։ Պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․գ․թ․ Ամալյա Գալստյանը, հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Արուսյակ Ղարիբյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Աննա Ալոյանը, ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մերի Մանուչարյանը։
Աշխատաժողովը մեկնարկեց Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինիի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց համալսարանի պատմությունն ու առաքելությունը, ինչպես նաեւ համալսարանի միջազգայնացման քաղաքականությունը։
Հետագա օրերի ընթացքում միջազգային կապերի աշխատակիցներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ներկայացրին Տուշայի համալսարանում կարողությունների զարգացման եւ համագործակցության էրազմուսյան ծրագրերը։ Այցելության ընթացքում կազմակերպվեցին նաեւ կլոր սեղաններ, խմբային քննարկումներ, որոնք գլխավորապես միտված էին համալսարանների միջեւ փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Աշխատանքային շաբաթվա երկրորդ օրը նվիրված էր կապերի ստեղծմանը եւ կրկնակի աստիճանաշնորհմանը վերաբերող հարցերին։ Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան Տուշայի շրջանի պատմությանն ու մշակույթին, այցելեցին համալսարանի բուսաբանական այգի եւ ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ օրվա ավարտին կազմակերպվեց գինեձոն։
Շաբաթը հագեցած էր նաեւ ճանաչողական ու մշակութային միջոցառումներով։ Մասնավորապես՝ տեղի ունեցան շրջայցեր Վիտերբոյի պատմական կենտրոնում, էտրուսկյան ժամանակաշրջանում հիմնադրված անտիկ քաղաքներ Բանիորեջիոյում եւ Օրվիետոյում։
Միջազգային շաբաթվա ավարտը նշանավորվեց հրաժեշտի ցերեկույթով եւ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում մասնակիցներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին։
ՀԱԱՀ պատվիրակության համոզմամբ, Տուշայում անցկացրած աշխատանքային շաբաթը կարեւոր հարթակ էր ինչպես համագործակցության նոր եզրեր, այնպես էլ հետագա համատեղ ծրագրեր ուրվագծելու տեսանկյունից։