Ծանոթացեք՝ շարքային Նարինե Ուռուսյան, 2019-ից ՊՆ համակազմում է: Ծնունդով Բաղանիսից է, ապրում է Կոթիում: Որդին՝ Տիգրանը սովորում է 6-րդ դասարանում: 44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեն եղել է իրենց վստահված մարտական դիրքում:
Դժվար է, իհարկե դժվար է երիտասարդ կնոջ համար ռազմական գործը: Բայց արդեն սովորել է: Տիգրանն է մի քիչ դժվար հաշտվում.
-Հատկապես առաջին անգամ դիրքեր բարձրանալս ծանր հաղթահարեց:
Նարինեն շատ է սիրում ագրարային ոլորտը: Դեռ դպրոցական տարիներից դիտարկել է տնամերձը, թե մշակովի, թե վայրի բույսերը. «Մանկուց շատ լավ տարբերում էի դեղաբույսերը, կիրառության ոլորտները եւ ցանկությունս-երազանքս էր Ագրարայինի ուսանող դառնալը: Այս տարի բախտ վիճակվեց հեռակա ուսուցման համակարգով՝ Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել: Մեծ ցանկություն ունեմ հետագայում հարազատ եզերքում մասնագիտությանս համապատասխան աշխատանք ունենալ: Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են եւ գյուղատնտեսության զարգացմամբ կարող ենք մեղմել խնդիրները»:
Մեր շրջանավարտները իրենց փոքր հայրենիքը, հարազատ եզերքը շենացնելու առաքելություն ունեն: ՀԱԱՀ հեռակա ուսուցման համակարգը կիրառական-կարեւոր նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով լավ կրթություն ստանալու բացառիկ հնարավորություն է ընձեռում: