Տարիներ առաջ, բոլորը, որոնց աշխատասենյակները գտնվում էին Ագրարային համալսարանի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի հարեւանությամբ, շաբաթվա որոշակի ժամերի պարզապես զրկվում էին խաղաղ աշխատելու հնարավորությունից: Բոլորս շատ լավ գիտեինք Հարություն Գեւորգյանի դասացուցակը ու կես կատակ, կես լուրջ իրար «ցավակցում» էինք. «Այսօր Գեւորգյանը դասի է»: Սա, իհարկե, անչար կատակով, որովհետեւ անկեղծորեն հիանում էինք, թե երիտասարդ, իր գործին անմնացորդ նվիրված մասնագետն ինչ հրաշալի է իրականացնում լսարանային աշխատանքը, ինչ վարպետությամբ ու գրագետ է կառուցում գրեթե հասակակիցներից բաղկացած կուրսի հետ հարաբերությունները:
Այդ նվիրումն անարձագանք չէր մնում, ուսանողներն անմիջապես գնահատում էին իրենց գիտակ ավագ ընկերոջ ջանքերն ու պատասխանում էին նույն կերպ: Եւ… փոթորիկ էր տիրում, հախուռն, տարերային, աղմկոտ բանավեճ, վեճ, որ ամփոփվում-ավարտվում էր ժպիտով, շնորհակալությամբ, գիտելիքի փայլով լեցուն աչքերով: Ցավալի է, որ ժամանակակից կրթության լավագույն հատկանիշներն իր մեջ ամբարած, գյուղատնտեսական գիտասփյուռ-խորհրդատվվական ոլորտում որպես բարձրակարգ մասնագետ իրեն դրսեւորած մասնագետն այլեւ չի դասավանդում Ագրարայինում: Այսօր նա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ է:
Երազում էր բժիշկ դառնալու մասին, բայց ընդունվեց ՀԱԱՀ անասնաբուժական ֆակուլտետ: Սպասելիքների արմատական փոփոխությունից գուցե անդառնալիորեն հիասթափվեր, եթե հենց առաջին դասն Անատոմիա չլիներ. «Այն պահից սկսած, երբ իմ ամենասիրելի դասախոսներից մեկը` պրոֆեսոր Մխիթարյանը, իր բնատուր հռետորական արվեստով եւ հիանալի մանկավարժական հմտություններով ինձ գցեց Անասնաբուժություն մասնագիտության հորձանուտի մեջ, զգացի, թե ինչ հիմնարար գիտություն եմ ձեռք բերելու առաջիկա 5 տարվա ընթացքում: Ինչպես կասեր պարոն Մխիթարյանը, «այս անորոշության զուգորդումը՝ հպարտության եւ ուսանող դառնալու բերկրանքի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ադրենալինի մեծ քանակության արտազատում արյան մեջ»։ Այդ ադրենալինը կլանեց ինձ եւ տանում է մինչեւ այժմ»:
Մասնագիտության ընտրության առջեւ կանգնած երիտասարդներին Հարություն Գեւորգյանը հորդորում է. «Բնականաբար, կյանքում շատ փորձություններ եւ փոփոխություններ են լինելու, սակայն Ճիշտ բուհ ընտրելով դուք կստանաք գիտելիքների այն հիմքը, որը հետագայում ձեզ կուղղորդի դեպի ճիշտ ճանապարհ։ Իմ դեպքում, Ագրարային համալսարանը մատնացույց է արել իմ ճիշտ ուղին, հնարավորություն է տվել ընդլայնելու մտահորիզոնս, բացահայտելու նոր հնարավորություններ, փորձելու կանգնել սեփական ոտքերի վրա»։