Տնտեսական թեմաներով գրող լրագրողներից եթե ոչ լավագույնը, ապա լավագույն եռյակում է Աշոտ Խարատրյանը, որն ավարտել է մեր բուհի ագրոնոմիական ֆակուլտետն ու կրթությամբ, ներքին ջիղով, «ուղն ու ծուծով» գիտե ագրարային ոլորտի՝ ձեռքբերումներն ու շտկելու հրամայական կարիք ունեցող խնդիրները: Եւ խոսքն էլ կուռ է, առանց հարց ու պատասխանի, հստակ ասելիքով:
«Գյուղինստիտուտում հայտնվեցի ոչ այն է պատահաբար, ոչ այն է՝ պահանջ-հորդորով: Այնքան էլ ուրախ չէի, քանզի պատանեկան իմ աշխարհընկալմամբ լուրջ մասնագիտությունը իրավաբանությունն էր: Եթե ոչ սա, գոնե պատմաբան, ծայրահեղ դեպքում՝ լրագրող: Այնպես որ, ուրախությունից չէի փայլում:
Առաջին դասը բուսաբուծություն էր, որ կարդում էր պրոֆեսոր Բադալյանը: Հիմա դոկտորի խոսքը մանրամասնորեն չեմ հիշում, բայց հիշում եմ, որ խոսում էր մարդկանց կյանքում գյուղատնտեսության, գյուղատնտեսական գիտության ունեցած դերի, դրա գերկարեւորության մասին: Ասեմ, որ այդ դասախոսությունից հետո մեջս ամեն ինչ միանգամից փոխվեց՝ սուտ կլինի: Բայց այնքան հիմնավորված, համոզիչ ու պատկերավոր էր խոսում, որ «մեջքի չընկնելով հանդերձ» սկզբում ընդունեցի, որ այնուամենայնիվ լավ է խոսում, լուրջ ու հետաքրքիր, հեռանկարին միտված բաներ է ասում:
Ավելի ուշ հասկացա, որ գյուղատնտեսը երկիր պահող մասնագետ է: Տարիներ անց ինձ համար հայտնագործեցի, որ ազգի արմատները գյուղում են ու գյուղինստիտուտի կոչումը նաեւ այն է, որ ստեղծի փուխր ու պարարտ հող՝ այդ արմատների համար կայուն սնունդ ապահովելու (ե´ւ ուղղակի, ե´ւ փոխաբերական իմաստով): Որովհետև երկրիը պահողն ու հզորացնողն առաջին հերթին գյուղն է: Իսկ երկիրը հզոր է, եթե ունի ծաղկող, առողջ, ապահով գյուղ ու գյուղատնտեսություն: Ինստիտուտն էլ 90 տարի առաջ ստեղծվել է հենց դրա համար: Հիմնադիրները թերեւս ներքուստ ունեցել են ակնկալիք, որ մի օր Հայաստանը անկախ պետություն է լինելու, եւ ամենակարեւոր գրավականներից մեկը անվտանգ սննդով ապահովվածությունն է:
Պատմության մեջ արդեն 1500 տարի վիճում են՝ Վարդանն էր ճիշտ, թե՝ Վասակը: Մինչդեռ 1500-1600 տարի առաջ Արցախում տնկած Վարդանի ծառը կա ու ճիշտը դա է: Ճիշտը գյուղատնտեսությունն է ու գյուղը, որ Աստծո ստեղծածն են: Քաղաքը հետո մարդը ստեղծեց:
Ցավոք, վերջին տարիներին հաստատակամորեն հեռանում ենք գյուղից, թողնում հողը, որի համար արդեն Աստծու պատժին ենք արժանանում, պարզապես դեռ չենք պատկերացնում: Հետեւաբար, իմ գյուղինստիտուտի, նոր շունչ առնող մեր Ագրարային համալսարանի դերակատարությունն ու անելիքն այսօր առավել մեծ է, քան՝ երբեւէ, առավել մեծ է՝ քան մյուսներինը»:
- 22/02/2020
- 2020