Մասնագիտությամբ ատամնաբույժ երեսունմեկամյա Գրիգոր Բարսամյանը մինչեւ վերջերս` RECONOMY ծրագրի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կազմակերպած «Իմ ագրոբիզնեսը» դասընթացին մասնակցելուց առաջ, ավելի շատ սիրողական մակարդակով էր զբաղվում խոզաբուծությամբ. ուներ ընդամենը 7 խոզ: Դասընթացն օգնեց Գրիգորին իր ներուժն արդյունավետորեն օգտագործել եւ ինքնադրսևորվել ավելի մեծ հեռանկարներ ապահովող ոլորտում՝ գյուղատնտեսության մեջ:
Փոքր բիզնեսն ընդլայնելու նպատակին հետամուտ լինելու համար Գրիգորին անհրաժեշտ էր ունենալ ճիշտ բիզնես մոդելի եւ ձեռնարկատիրական հմտություններ: Դասընթացի ընթացքում նա մասնավորապես սովորեց մշակել բիզնես պլան, որը պետք է ծառայեր որպես բիզնես կառուցելու, կառավարելու եւ ընդլայնելու ճանապարհային քարտեզ։ Նաեւ իմացավ, թե ինչքան կարևոր է բիզնեսում ունենալ ուրույն եւ տարբերվող ապրանքանիշ:
Սովորեց նաեւ շրջանաձև տնտեսության կարևոր գաղափարը, եւ այժմ նրա գլխավոր նպատակներից մեկը գոմաղբից կենսագազ ստանալն է, որը կարելի է օգտագործել տնտեսությունը գազով ապահովելու համար, իսկ ստացված վերջնական նյութը կարող է օգտագործել կամ վաճառել որպես վերամշակված պարարտանյութ։ Անշուշտ, գաղափարի իրականացման, տնտեսությունն ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, բայց նա հիմա ավելի համարձակ ու գրագետ ձեւով կարող է դիմել դրամաշնորհ կամ ֆինանսական այլ աջակցություն ստանալու համար, քանի որ դասընթացը նրան նաեւ այս գիտելիքներն է տվել։
GSB Ecocompany նոր անվանմամբ իր տնտեսությունը Գրիգորը կարողացել է ընդլայնել՝ շնորհիվ դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտությունների․ այժմ նա ունի շուրջ 200 գլուխ խոզ, ինչպես նաև սկսել է զբաղվել խոշոր եղջերավորների բուծմամբ։ 18 գլուխ խոշորի ֆերման կարողացել է հիմնել սեփական եկամուտների ներդրման եւ գյուղվարկերի միջոցով։ Որպես արդյունք, նրա եկամուտները մինչ դասընթացը եղած ցուցանիշների համեմատ աճել են 25 տոկոսով:
Դասընթացի շնորհիվ Գրիգորը նաեւ փոփոխել է աղբի տնօրինման իր գործելակերպը: Նախկինում նա օգտվում էր միայն կենդանիների մսեղիքից, մնացած ենթամթերքները պարզապես թափում էր, սակայն այսօր նա դրանք եւս վերամշակում եւ վաճառում է որպես վերջնական ապրանքներ՝ թե հավելյալ եկամուտ ապահովելով եւ թե նվազեցնելով բնության վրա բացասական ազդեցությունը:
Ներկայում Գրիգորի բիզնեսում լրիվ դրույքով ներգրավված են իր ընտանիքի 2 անդամները: Տեղի այլ տնտեսավարողների, համակցված կերեր արտադրողների TOTAL PIG ընկերության, ինչպես նաեւ պոտենցիալ ֆինանսավորող գործընկերների հետ համագործակցությունը եւ շրջանաձեւ տնտեսության անցումը թույլ կտան մոտ ապագայում աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի։ Գրիգորը մտադիր է իր ապրանքանիշը հասցնել ազգային ճանաչելիության։