Անցյալ ամբողջ շաբաթվա ընթացքում չդադարեցին մարզաբնակ դպրոցականների՝ հիմնականում 9-ից 10-րդ դասարանների աշակերտների խմբերի այցելությունները Ագրարային համալսարան։ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզերի 5 դպրոցների 120 աշակերտների այցելությունը հովանավորել էր Երևանում «Ռուսկի դոմ» գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը։ Հյուրընկալեցինք Արարատի թիվ 4, Վաղարշապատի թիվ 5, Ֆիոլետովոյի, Հրազդանի թիվ 11 եւ Վերին Դվինի միջնակարգ դպրոսների սաներին։
Առաջին օրը երեխաների եւ կենտրոնի աշխատակիցների հետ Ագրարայինում էր նաեւ կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։ Նա ողջույնի իր խոսքում կարեւոր համարեց հայաստանցի երիտասարդների համար ագրարային մասնագիտություններ սովորելու առաջնահերթությունը, երկրի գյուղատնտեսության զարգացման գործում նրանց պոտենցիալ դերը եւ գյուղոլորտում հայ-ռուսական գործակցության ավանդույթները նորովի զարգացնելու անհրաժեշտությունը։
Դպրոցականներին շաբաթվա ընթացքում հաճույքով ընդունեց եւ համալսարանի կրթական ծրագրերին, ոլորտում առկա մրցունակ աշխատատեղերին, համալսարանի նորարարական ենթակառույցներին եւ ուսանողական կյանքի հեռանկարներին ծանոթացրեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։
Մարզաբնակ աշակերտները շրջայց կատարեցին Ուսանողների հաջողության կենտրոնում, Ընդհանուր քիմիայի, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրագործության եւ թորման, գյուղատնտեսական անօդաչուների լաբորատորիաներում, Անտառագիտության կենտրոնում, Նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, այլուր։ Պատասխանատուներից իմացան ոլորտի մի շարք նոր արդիական, շատ հետաքրքիր ու հեռանկարային մասնագիտությունների ու մասնագիտացումների մասին․․․
Այցելությունների այս շարքը պատանիների համար նշանավորվեց Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Հրաչ Գրիգորյանի հետ հետաքրքիր հանդիպմամբ։ Պարոն Գրիգորյանը պատանիների համար մատչելի «լեզվով» ցույց տվեց գյուղատնտեսության՝ ավանդականից դեպի խելացի, թվային, ավելի եկամտաբեր ենթաճյուղեր անցման ուղին, որով անցնում է ամբողջ աշխարհը, ներառյալ Հայաստանը։ Նա գյուղոլորտի մասնագիտությունները դիտարկեց հեռանկարի, ռազմավարության տեսակետից․ «Մենք ագրարային երկիր ենք, մենք պետք է արտադրենք բավարար քանակի ու որակի գյուղմթերք, ուստի երկիրը միշտ է ունենալու ագրարային մասնագետների կարիքը»,- սա էր պարոն Գրիգորյանի ուղերձը մարզաբնակ երիտասարդներին։
Բացի Ագրարայինից, «Ռուսկի դոմը» աշակերտների համար հետաքրքիր այցելություններ էր կազմակերպել նաեւ ագրոբիզնեսի ոլորտի առաջատար ձեռնարկություններ։