Տարին գյուղատնտեսական է: Պետությունը խթանում է, ֆերմերներն ու արդյունաբերողները նախաձեռնում են, գիտնականները` հետազոտում եւ առաջարկում: Մյուս կողմից` թագավարակնն է խաղի նոր կանոններ թելադրում: Այս համապատկերում բոլորն են շահագրգիռ կողմ, իսկ գիտելիքահենք ագրոարդյունաբերական տնտեսության զարգացումն այլընտրանք չունի:
Այս գիտակցումով ու պարետատան հորդորով «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրակազմը մնաց տանը, հեռահար պայմաններում թողարկեց տարվա անդրանիկ համարը: Տասնյակից ավելի երիտասարդ գիտնականներ իրենց ստեղծարար մոտեցումներով «թարմ արյուն» ներարկեցին ագրարային գիտությանը`պատասխանելով առաջին հայացքից պարզ թվացող, բայց իրականում բարդ հաշվարկներ պահանջող հարցերի.
Ի՞նչ մեխանիզմ բանեցնել, որ գազարն անվնաս դուրս գա հողից, իսկ հացահատիկն աճի պակաս քիմիական միջամտությամբ, խաչմերուկներում կուտակվող ավտոմեքենաների շարժն ի՞նչ դետեկտորով կարգավորել, որ բարձրանա երթեւեկության անվտանգությունը: Տրանսպորտային միջոցների շարժը հանգիստ չի տվել եւս մեկ երիտասարդ գիտնականի. վառելանյութի ծախսի նորմավորման նոր մեթոդ է առաջարկել:
Ոչ պակաս երիտասարդ ու գիտության ասպարեզում հավակնոտ հետազոտողը Վայոց Ձորի սոցիալ-տնտեսական բեռը թեթեւացնելու նպատակով երկու հոդված է հեղինակել. մի դեպքում ռելիեֆային թվային քարտեզագրում է իրականացրել, մյուս դեպքում` առաջարկել Վերնաշենի հյուսիս-արեւելքում ջրամբար կառուցել:
Գյուղատնտեսական կենդանիների տեղական ցեղերի գոյությունը վտանգված է, հետեւաբար վտանգված է երկրի եւ Երկրի գենետիկական բազմազանությունը: Մտահոգությունը ագրոէկոլոգներինն է…
Կարդացեք, բացահայտեք ավելին: