Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն օրերս հյուրընկալել էր Լոռու մարզի Ստեփանավան եւ Գյուլագարակ խոշորացված համայնքների գրեթե բոլոր դպրոցներից ընտրված, բնպահպանությամբ ու ագրարային ոլորտով հետաքրքված 14-18 տարեկան 60 աշակերտի: Նրանք ծանոթացան մասնաճյուղի հնարավորություններին, առաջարկվող մասնագիտություններին, եղան տարբեր լաբորատորիաներում: Հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիայի լաբորանտ Սուսաննա Շահբազյանի օգնությամբ իրականացրեցրին հողի անալիզ եւ այլ քիմիական հետազոտություններ, իսկ պահածոների վերամշակման լաբորատորիայում մասնաճյուղի դասախոսներից Լիլիթ Սաղումյանը մանրամասն ներկայացրեց եւ ցույց տվեց խնձորի հյութի պատրաստման գործընթացը: Մասնաճյուղի ամենահարմարավետ ու սիրված ենթակառույցում՝ Լոռու Գիտելիքի նորարարական հաբում, դպրոցականները դիտեցին Ագրարային համալսարանի մասին պատմող տեսաֆիլմեր՝ ծանոթանալով նաեւ մայր բուհի ենթակառույցներին ու հնարավորություններին:
Հանդիպման վերջում ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցության մասնագետ Նազելի Ավագյանն ու Վանաձորի մասնաճյուղի կրթության որակի պատասխանատու Աննա Խառատյանը պատասխանեցին աշակերտների հարցերին, որոնք բազմազան էին ու վկայում էին մի բան՝ պատանիների հետաքրքրությունը դեպի բնությունն ու գյուղատնտեսությունը սերմի պես պետք է ցանել պարարտ հողում:
Իսկ «սերմերը պապարտ հողում» նախորդիվ ցանել էին Ագրարային համալսարանի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Մարինե Մարկոսյանն ու նույն ամբիոնի դասախոս, գ.գ.թ., դոցենտ Սամվել Թամոյանը` «Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» ծրագրի շրջանակում երկու օր Ստեփանավանի թիվ 6 դպրոցում պատանիներին հաղորդակից դարձնելով կլիմայի փոփոխության, դրա պատճառների, հետեւանքների ու դիմակայելու վերաբերյալ կարեւոր թեմաներին: Տեսական, ինտերակտիվ դասախոսությունների ու թիմային գործնական պարապմունքների շնորհիվ աշակերտները ձեռք բերեցին օգտակար գիտելիքներ եւ հմտություններ կլիմայի վրա մարդու ազդեցության մեղմման, կանաչ էներգիայի, էներգաարդյունավետության ու էներգախնայողության, թափոնների կառավարման ու շրջանաձեւ տնտեսության, էկոլոգիապես անվտանգ արտադրանքի ու դրա ստացման ուղիների վերաբերյալ, կազմեցին իրենց դպրոցների ու բնակարանների համար էներգաարդյունավետության ու էներգախնայողության նախագծեր, սովորեցին պատրաստել խառնաղբ (կոմպոստ), այցելեցին ջերմատուն… Նրանք ստացան նաեւ կարեւոր տեղեկություններ էկոլոգիական ոտնահետքի, դրա նվազեցման ուղիների ու մոլորակին օգնելու վերաբերյալ:
Հատկանշական է, որ դասընթացի վերջում մասնակիցներից շատերը խոստովանեցին, որ սկսել են ավելի սիրել Երկիր մոլորակն ու մտածել նրա մասին հոգ տանելու ուղղությամբ: Ինչպես նշեց 14-ամյա Միլենա Ավագյանը՝ մոլորակին ավելի օգտակար լինելու համար արդեն մտափոխվել ու կողմնորոշվել է՝ գալու է Ագրարային համալսարան՝ մասնագիտական կրթություն ստանալու եւ լավ մասնագետ դառնալու ակնկալիքով:
«Լոռեցի երիտասարդները բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» ծրագիրն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով տրամադրած ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ: Ավստրիական զարգացման գործակալությունից (ԱԶԳ) ֆինանսավորվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։