Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում մարտի 2-ին Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցի, իսկ մարտի 7-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտները այցելել են համալսարան: Հանդիպումները համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, ինչպես միշտ, անցել են ջերմ մթնոլորտում:
Կոտայքցի դպրոցականները տպավորված էին այն ամենից, ինչ տեսան նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնից, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի լաբորատորիայից, Գարեջրի եւ թորման լաբորատորիայից, Ընդհանուր քիմիայի լաբորատորիայից եւ այլն, այլեւ մանավանդ՝ ՀԱԱՀ պատասխանատուների ջերմ ընդունելությունից եւ տրամադրած հետաքրքիր տեղեկություններից:
Դպրոցականներից շատերի, եթե չասենք՝ բոլորի համար իսկական հետաքրքիր բացահայտում էին Ագրարային համալսարանի ընձեռած հնարավորությունները, ագրարային մասնագիտությունների պահանջվածությունն ու գրավչությունը եւ ի դեմս համալսարանի հարգված պրոֆեսորների ու դասախոսների՝ իրենց պոտենցիալ բարեկամների ու համախոհների տեսնելը:
Բացահայտումներ արեցինք նաեւ մենք: Մասնավորապես Հրազդանի թիվ 13 դպրոցի աշակերտները զարմացրեցին քիմիայի իրենց գիտելիքներով. ակնահայտ են այս դպրոցում քիմիայի նման կարեւորագույն առարկայի հանդեպ պատշաճ ուշադրությունն ու ուսուցիչների բարձր մասնագիտական պատրաստվածությունը:
Հատկապես 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներից շատերը, որ դեռ չեն վերջնականացրել հետագա ուսման իրենց որոշումը, Ագրարայինը թվաց սովորելու համար շատ գրավիչ վայր. դա հստակ երեւում էր նրանց տված հարցերից: