Ագրարային համալսարանում իրականացվող վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերը շարունակում են մեծ պահանջարկ վայելել պոտենցիալ շահառուների լայն հանրության շրջանում։ Երեք դասընթացի համար օրերի ընթացքում ռեկորդային թվով դիմորդներ են դիմել։ Այսպես․
Շոկոլադի եւ հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա – 180 դիմորդ,
Ագրոպարենային համակարգի քիմիկ լաբորանտ – 113 դիմորդ,
Ավանդական պանիրների արտադրության գաղտնիքները – 48 դիմորդ։
Բացի այդ, ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի այս տարվա դիմորդների թիվը այս տարի ավելի շատ է, քան անցյալ տարի, դիմել է 250-ը։
Կարճաժամկետ ծրագրերի դիմորդների այսպիսի հոսքի պարագայում համալսարանը հարկադրված էր «հերթի դնել» եւ պարբերական դասընթացների միջոցով փորձել բավարարել ագրոտեխնոլոգիական մասնագիտություններ-մասնագիտացումներ ստանալու ցանկություն ունեցողների շրջանում առկա մեծ պահանջարկը։ Անգամ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս եւ հարակից մասնագիտությունները շարունակելու են արդիական մնալ առաջիկա տասնամյակներում այն պարզ ու բնական պատճառով, որ պարենամթերքի արտադրությունը, հասանելիությունը, սպառումը եւ պարենային անվտանգությունը միշտ են լինելու արդիական եւ երկրի համար ունենալու են ռազմավարական նշանակություն։
Այս համատեքստում անհամատեղելի է այս տարի առկա ուսուցման համակարգ ընդունված դիմորդների աննախադեպ ցածր թիվը՝ 40 ուսանող։ Մի կողմից ակնհայտ են գյուղատնտեսական եւ ագրոտեխնոլոգիական մասնագիտությունների հանդեպ մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը, մյուս կողմից՝ առկայի նման ցուցանիշ։ Պատճառների մասին տարբեր առիթներով խոսել-հրապարակել ենք․ դրանք գլխավորապես հանգում են դպրոցներում մասնագիտական կողմնորոշման եւ հանրակրթության ցածր որակին, դպրոց-բուհ շղթայում առկա խզումներին, որոնք էլ հանգեցնում են ընդունելության այսպիսի պատկերի։
Կարճաժամկետ դասընթացների հանդեպ հետաքրքրությունը եւ դրանց գրավչությունը հանրության շրջանում աստիճանաբար աճելու է․ շատ-շատերը ցանկություն ունեն կրթություն ստանալ եւ մասնագիտություն ձեռք բերել կամ վերապատրաստվել հենց ինտենսիվ, կարճաժամկետ, ճկուն ժամանակացույցով կրթական մոդուլների միջոցով։ Սա մեր առջեւ խնդիր է դնում ստեղծելու նոր կրթական մոդել եւ նոր կրթական պրոդուկտներ առաջարկել շահառու հանրությանը, մի բան, որ Ագրարայինն արդեն անում է։
Կարճաժամկետ նախորդ դասընթացների մասնակիցների մեծամասնությունը կամ մասնագիտական աշխատանք է գտնում ագրոբիզնեսի ոլորտում կամ իր սեփական ձեռնարկությունը հիմնում։ Այսպիսի հաջողության պատմությունները բազում են, օրինակ, վերոնշյալ դասընթացների սկզբունքով արդեն տարիներ շարունակ աշխատող Գինու ակադեմիայում, Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն եւ կառավարում ծրագրում, ինչպես նաեւ համեմատաբար ավելի կարճ պատմություն ունեցող ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական տարբեր ծրագրերում։
Համալսարանի, համալսարանական կրթության առաքելությունը հենց սա է՝ աջակցել երկրի համար ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով ոլորտի մարդկային կապիտալը։
Ագրարային համալսարանը պատրաստ է աջակցել բոլորին, ով ցանկություն ունի նոր բան սովորել, նոր մասնագիտություն ստանալ, ագրոպարենային համակարգում նոր բիզնես ստեղծել եւ երկիրը շենացնել։