Մարտի 22-ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների զարգացման սրահում հյուրընկալել էինք CryptoInvest նախագծի հիմնադիր Նատալյա Դենիսենկոյին եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Ելենա Մեսրոպյանին: Ելենայի ավարտաճառը նվիրված է եղել այս թեմայի ուսումնասիրությանը, իսկ գիտական ղեկավարը մեր բուհի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան է: Հենց տիկին դեկանն էլ ներկայացրեց հյուրերին եւ շեշտեց, որ ուսանողների «պահանջով» են անդրադառնում այս արժույթին: Եւ դա ակնհայտ էր: Սրահում ոչ մի պատահական մարդ չկար: Եկել էին իսկապես հետաքրքրվածները:
Բանախոսության թեման էր «Կրիպտոարժույթ. տեխնոլոգիաներ եւ հեռանկարներ: Բիթքոյն»: Վերջինը՝ բիթքոյնը, համարվում է կրիպտոարժույթի արքա: Շատերի համար առասպելականության առեղծվածային մշուշով պատված բլոկչեյնը եւ դրա իրական աշխատանքը, ընձեռվող հնարավորությունները եւ հեռանկարները, խաբեությունների սահմանն ու զգուշանալու ճանապարհները. այս ամենի մասին հնարավորինս մատչելի ներկայացրին բանախոսները: Հետո հարցեր ուղղեցին լսարանին: Հետո ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող ու հետաքրքրող հարցերը: Այն, որ այդ ամենը նրանց հուզում ու հետաքրքրում էր, ակնհայտ էր անվերջանալի թվացող հարցերից:
Հրաժեշտից առաջ տիկին Հովհաննիսյանը մեր բուհի խորհրդանշաններով փոքրիկ հուշանվերներ հանձնեց բանախոսներին, նրանք էլ իրենց հերթին խրախուսեցին ամենաակտիվ ուսանողին՝ Ալեքս Օհանյանին: