Մեր իմաստուն ժողովրդի կենսափիլիսոփայության ակնհայտ դրսեւորումներից է «Ջրի նման երկար կյանք ունենաս» օրհնանքը: Կյանքի հարատեւության միակ, այլընտրանք չունեցող պայմանը ջուրն է: Եւ, թերեւս միակն է, որ այլընտրանք չունի:
Հին Աշխարհից սկսյալ բոլոր զարգացած, բարձր քաղաքակրթությունների հիմքում ջուրն է, որի նշանակությունն ու կարեւորությունն ավելի ընդգծվեց 21-րդ դարում: Մոլորակի բնակչության շեշտակի ավելացման պայմաններում այդ թանկարժեք հարստության պաշարները հատուկ խնամք, զգուշավորություն ու հոգածություն են պահանջում:
Այսօր՝ ապրիլի 12-ին, Ագրիթեք սրահում գործնական քննարկում էր հրավիրված «Ջրային անվտանգությունը եւ տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով: Ներկաներին ողջունեց ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Շնորհակալություն հայտնելով՝ նա հավաստիացրեց, որ մեր բուհը պատրաստ է համակարգային համագործակցության՝ գիտակրթական ոլորտում, որտեղ կարեւոր ասելիք ունեն, անշուշտ, մեր գիտնականները, չէ՞ որ ջրի մասին խոսելիս, ըստ էության խոսում ենք մեր կյանքի մասին:
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը, Հարավային Կովկասում ջրային ռեսուրսների (ՀԿՋՌԿ) ծրագրի ղեկավար Էրիկ Վիալան (հեռավար), նույն ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Արա Նազինյանը հույս հայտնեցին, որ այս նախագիծը կխթանի համագործակցությունը տարածաշրջանում, ջրային նույն ավազաններից սնվող երկրները կկարողանան հաղթահարել երկխոսությանը խոչընդոտող դժվարությունները:
Որպեսզի քննարկումն առավել արդյունավետ լինի, պարոն Նազինյանի առաջարկով ՏՏ ծրագրակազմով հարցախույզ-վարժանք իրականացվեց հստակեցնելու համար, թե «ջրային անվտանգություն» ընդգրկուն եզրույթի ընկալումը ո՞րն է: Պատկերը շատ արագ ու ակնառու ուրվագծվեց, հենց դա էլ ուղենիշ եղավ աշխատանքը շարունակելիս:
Մեր գործընկերները եւս հանդես եկան զեկուցումներով: Ջրային եւ հողային պաշարների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի զեկուցումը նվիրված էր անվտանգության հիմնախնդիրներին: Ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանը դիտարկեց ջրային պաշարների կառավարմանն առնչվող ռիսկերը: Նրանց զեկուցումները, որ շատ կարեւոր տեղեկատվություն էին ամփոփում, առաջիկայում կներկայացնենք հանգամանորեն:
Քննարկումը շատ արդյունավետ էր, շարունակություն ենթադրող: Ինչպես նկատեց տիկին Հարությունյանը՝ ծրագրերը մեկնարկում եւ ավարտվում են, իսկ գիտական ներուժի հետ միասին մեզ շարունակական աշխատանք է սպասվում: