Օրերս «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության մագիստրանտները «Պարենամթերքի միջազգային առեւտուր» դասընթացի շրջանակում դասախոս Աստղիկ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի Սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիա եւ Հավաստագրման կենտրոն:
Դասին ներկա էր դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, որը ՀՀ–ում պարենային ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ ունի 130–ից ավելի աշխատություն եւ 9 ձեռնարկ:
Աստղիկ Ղազարյանը նշեց, որ արտաքին առեւտուրը փոխշահավետ է ոչ միայն բացարձակ, այլեւ համեմատական առավելության դեպքում։ Պետք է արտահանվեն եւ ներմուծվեն այնպիսի ապրանքներ, որոնց որակն ու անվտանգությունը լիովին համապատասխանում են տվյալ երկրի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին: Որակի եւ անվտանգության ստուգումն իրականացվում է սահմանը հատելիս՝ մաքսային կետում, ինչպես նաեւ հավատարմագրված լաբորատորիաներում: Փորձագիտական լաբորատորիաները տրամադրում են ՀՀ արտահանվող եւ ներմուծվող ապրանքների փորձարկման ակտ, որոնց լրացմանը մասնակցել են մագիստրանտները: Ակտի հիման վրա, ըստ ԵԱՏՄ երկրների պահանջի, տրամադրվում է կամ «Համապատասխանության հայտարարագիր» կամ «Համապատասխանության հավաստագիր», որոնց առկայությամբ ՀՀ ապրանքներն արտահանվում են առանց խոչընդոտի: Համապատասխանության հավաստագրերի տրամադրման կարգին մագիստրանտները ծանոթացել են «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ի Հավաստագրման կենտրոնում: Նրանք նաեւ հնարավորություն են ունեցել լսելու պրոֆեսոր Սահրադյանի դասախոսությունը «Միջազգային առեւտրում պարենային ապրանքների եւ պարենահումքի որակի եւ անվտանգության դերն ու նշանակությունը, կեղծման մեթոդները, ինչպես նաեւ անվտանգության եւ որակի համակարգերի կառավարման հիմնախնդիրները» թեմայով:
Հետազոտման մեթոդների եւ սարքավորումների մասին պատմել է լաբորատորիայի ղեկավար, դոցենտ Ոսկեհատ Ոսկանյանը: Մագիստրանտներին հնարավորություն է տրվել իրականացնել փորձաքննություն, ինչպես նաեւ մասնակցել մեղրի կեղծման բացահայտմանը:
Պրոֆեսոր Սահրադյանը վերջում հավելել է, որ պարենային ապրանքների եւ պարենահումքի անվտանգության ապահովումը յուրաքանչյուր պետության կարեւոր հիմնախնդիրներից, ՀՀ տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է: