Դեկտեմբերի 25-ին կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախագահությամբ։
Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի նոր հաստիքացուցակին, որը քննարկվեց եւ հաստատվեց։
Նոր կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում ՀԱԱՀ մասնակցության հարցի քննարկման ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդին տեղեկացրեց, որ համալսարանը 3 նոր նախագծերի համար հայտարարված մրցույթ է շահել։ Դրանցից երկուսը վերաբերում է Էրազմուս+ ծրագրի շրջանակում ԱՏՀ եւ հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների օգտագործմամբ պիստակի այգու հիմնմանը եւ նորարարական լուծումների հիման վրա վաճառքների կարողությունների զարգացմանը Հայաստանում եւ Վրաստանում, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտական ֆակուլտետի կրթական ծրագրերի արդիականացմանն ու դասախոսական կազմի վերապատրաստմանը։ Իսկ Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի աջակցությամբ անտառվերականգնման մեծամասշտաբ նախագծի շրջանակում համալսարանը կիրականացնի ագրոանտառաբուծության ներուժի բացահայտման կարեւոր ելակետային հետազոտություն։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը երեք նախագծերն էլ կարեւոր համարեց եւ շեշտեց ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը դրանց համահունչ լինելը։
Խորհուրդը քննարկեց եւ հաստատեց համալսարանի 2023 թ․ բյուջեի նախահաշվի փոփոխությունները։ Այս առումով ուշագրավ է, որ բյուջեի մուտքերը նախատեսվածից ավելի են եղել, ներառյալ՝ միջազգային նախագծերից ստացված գումարների հաշվին։
Գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ Հոգաբարձուների խորհուրդը լուծեց ռեկտորի աշխատանքային պայմանագիրը, որին նախորդեց ռեկտոր Ուռուտյանի հակիրճ զեկուցումը իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների մասին։ Իրականացված հսկայածավալ բարեփոխումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ թվերով եւ փաստերով, իսկ 2019-2023 թվականների ընթացքում ՀԱԱՀ-ում ստեղծված նոր ենթակառույցները կարող եք տեսնել այս տեսանյութում: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ շեշտեց Ագրարային համալսարանի աշխատակազմի եւ ուսանողության համար իր մշտական հասանելիության եւ աջակցելու պատրաստակամության մասին։ Գործընկերներին շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Պարոն Խոջոյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ կատարած մեծ աշխատանքի համար։ «Որպես այս բուհի շրջանավարտ միշտ երազել եմ, որ այստեղ ուսանողներն ունենան սովորածը կիրառելու, սեփական ձեռքով արտադրանք ստեղծելու լավագույն հնարավորություններ։ Այսօր, շնորհիվ պարոն Ուռուտյանի հետեւողական ջանքերի, Ագրարային համալսարանը ոչ թե պարզապես դիպլոմ տվող, աստիճան շնորհող հաստատություն է, այլ կրթական շարունակական գործընթաց ապահովող առաջադեմ համալսարան, որտեղ մարդիկ մշտապես վերադառնում են եւ ձեռք բերում աշխատաշուկայի պահանջները բավարարող նորանոր հմտություններ։ Պարոն Ուռուտյան, ինձ համար մեծ պատիվ է եղել Ձեզ հետ աշխատելը», – ասաց պարոն Խոջոյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսյա Սվաջյանը նախարարության եւ իր անունից շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ 5 տարվա աշխատանքի համար, որը հիմք է ստեղծել թե համալսարանի եւ թե առհասարակ գյուղատնտեսության գերակա ոլորտի հետագա զարգացման համար։ Դիմորդների թվի պակասը տիկին Սվաջյանը դիտարկեց առհասարակ կրթական համակարգում ընթացող գործընթացների եւ մասնավորապես ագրարային կրթության աձանձնահատկությունների համատեքստում։ «Կրթական համակարգում դինամիկ գործընթացներ են ընթանում եւ շատ կարեւոր է տարբերակված մոտեցումներով առաջնորդվելը։ Դիմորդը պետք է հստակ իմանա, թե ուր է գնում։ Այս առումով շատ անելիքներ ունենք, մասնավորապես միջին մասնագիտական կրթության մակարդակում։ Եվ շատ կարեւոր է բուհի ղեկավարի բանիմաց լինելը»։
Խորհրդի նախագահի առաջարկով եւ անդամների քվեարկության արդյունքներով ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հաստատվեց ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող։ Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստում կհայտարարվի ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրթույթ։