Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը Ճարտարագիտական մասնագիտությունների առաջինկուրսեցիներին փիլիսոփայություն դասավանդելիս նկատել էր, որ երիտասարդների մեծ մասը չի էլ պատկերացնում, թե ինչ հեռանկարներ են բացվում. «Նրանք ապագա մասնագիտության մասին գրեթե ոչինչ չգիտեին: Մինչդեռ, աշխատաշուկա կա, մասնագետների պահանջարկ կա, միայն պետք է համապատասխանել ներկայացվող պահանջներին»:
Իսկ ներկայացվող պահանջների նշաձողերին հասնելու համար մեր բուհում կան բոլոր նախադրյալները՝ նորագույն լաբորատորիաներ, սարքավորումներ, լեզուների ուսուցման կենտրոն, գործուն-լայն միջազգային կապեր, համագործակցություն այլ հաջողակ կառույցների՝ (օրինակ՝ Թումոլաբ) հետ: Միայն նպատակասլաց, համառ աշխատանք է պետք:
Ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ի մի էին հավաքվել ֆակուլտետի ավագագույն ներկայացուցիչը՝ Ստեփան Մարգարյանը, շարունակական կրթության եւ կարիերայի բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, թողարկող ամբիոնների վարիչները, ՈՒԳԸ եւ ՈՒԽ ներկայացուցիչները: Նրանք շատ տեսանելի ներկայացրին համալսարանի ընձեռած բոլոր հնարավորություններն ու հեռանկարները:
-Եթե Ավտոկադով աշխատել չգիտես, ընդամենը հիդրոտեխնիկայից տեսական ամուր գիտելիքներով աշխատանք չես ճարի: Գյուղատնտեսությունն այլեւս ընդամենը բահն ու փոցխը չէ: Այն ամենաժամանակակից ոլորտը կարող է եւ պե՜տք է դառնա: Եւ ձեր սերունդը պետք է տեղյակ լինի, իմանա բոլոր նորագույն միտումները, թե ուր է գնում աշխարհը: