Պարենաթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիաներ մասնագիտության ուսանող Իզաբելա Խաչատրյանի համարձակ որոշումը եւ հետազոտական համառ աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ․ սննդային մանրաթելեր պարունակող շոկոլադի նոր տեսակ ստեղծելու նրա գաղափարն արժանացել է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհին։
Իզաբելան, որ մանկուց շոկոլադ շատ է սիրել, միշտ լսել է, որ այն կարող է վնասել օրգանիզմին։ Միշտ ցանկացել է ստեղծել հատուկ շոկոլադ, որը օգտակար լինի մարդու առողջության համար։ Եւ ահա ցորենի թեփով շոկոլադ ստեղծելու նրա գաղափարը եւ ամիսների հետազոտական ջանքերը հաճելիորեն «հանդիպեցին» ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհային ծրագրի ընձեռած հնարավորությանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից ֆինանսավորվող, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող Նորարարական գյուղատնտեսության ուսուցման և վերապատրաստման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի դրամաշնորհային ծրագրերից այս մեկը հատուկ նախատեսված է ՀԱԱՀ ուսանողների համար եւ միտված է հետազոտությունների եւ զարգացման ոլորտ նրանց մուտքը խթանելուն։
Այստեղ կարելի է ծանոթանալ նոր ապրանքատեսակի հեղինակի հետ եւ նրա նորարարական գաղափարին։