ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մայիսի 20-ին նորարարական գյուղատնտեսության թեմայով զեկուցմամբ է հանդես եկել «Մարտունիի նորարարական փառատոնի» (MIF) ժամանակ։
«Հզոր միտք» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումն ուներ մասնագիտական կողմնորոշման հստակ ուղղվածություն. պատահական չէր, որ մասնակցում էին շուրջ 200 դպրոցականներ ոչ միայն Գեղարքունիքի, այլեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից։
Ռեկտոր Ուռուտյանը երիտասարդներին ներկայացրել է ագրոպարենային համակարգի նոր օրակարգը, գյուղատնտեսություն 4.0-ն (ճշգրիտ գյուղատնտեսություն, իրերի համացանց (IoT), մեծ տվյալների օգտագործում՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում բնակչությանը կերակրելու համար եւ այլն), ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները, ագրոտեխնոլոգիական մասնագիտությունների մշտական արդիականությունը, Ագրարային համալսարանի փոխակերպումը, ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված նորարարական ենթակառույցների ընձեռած լավագույն հնարավորությունները, Ագրարայինում եւ Ագրարայինի հետ մասնագիտական կարիերայի զարգացման հնարավորությունները։
Համալսարանը փառատոնում ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ՀԱԱՀ համադրող Տիգրան Հախնազարյանը ուսանողների հետ ներկայացնում էին համալսարանը, մեր առաջարկած մասնագիտությունները եւ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում համալսարանում պարբերաբար կազմակերպվող վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերը։ Այդ ծրագրերն արդեն բավականին բարձր հեղինակություն են վայելում շահառուների շրջանում, որոնք գլխավորապես երիտասարդներ ու կանայք են։