Սեպտեմբերի 28-29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Գիտության եւ տեխնոլոգիայի միավորում 2022» երրորդ խորհրդաժողովին (STCC), որը համախմբել էր գիտակրթական հանրության եւ տեխնոլոգիական ստարտափների ներկայացուցիչների՝ քննարկելու գիտության վրա հիմնված տարածաշրջանային հանգույցի տեսլականը եւ ցուցադրելու գիտահետազոտական լաբորատորիաների եւ տեխնոընկերությունների հետազոտությունները։
Ռեկտոր Ուռուտյանի զեկուցումը նվիրված էր համալսարանների գիտահետազոտական բաղադրիչների բացառիկ կարեւորությանը։ Հայաստանում հետազոտող գիտնականների մեծամասնությունն աշխատում է տարբեր հաստատություններում, ընդ որում նրանցից շատերն այդ աշխատանքը զուգակցում են բուհերում դասավանդման հետ։ ՀԱԱՀ ռեկտորը բարձրացրել է գիտահետազոտական հիմնարկներում աշխատող գիտնականների՝ համալսարաններում դասավանդելու կարեւորության հարցը։
Պարոն Ուռուտյանն արտահայտել է այն կարծիքը, որ Հայաստանը հետբուհական կրթական տարածաշրջանային հանգույց (հաբ) դարձնելու իրական հնարավորություն կա․ հարցն այն է, թե որքանով են համալսարանները համաձայն/պատրաստ նման խոստումնալից դերակատարությանը եւ այս հնարավորությունից օգտվելու համար ինչ կարիքներ ունեն։
Եվրոպական Միության, GIZ-ի եւ միջազգային այլ կառույցների հովանավորությամբ անցկացվող համաժողովի բանախոսների թվում էին նաեւ Սան Խոսեի պետական համալսարանի նախկին նախագահ Մերի Փափազյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Սալվա Նակուզին եւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտների արտերկրի, Սփյուռքի եւ Հայաստանի այլ հայտնի գործիչներ։