Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսներ Անի Կիրակոսյանը եւ Ստելլա Գաբրիելյանը Գինու տնտեսագետների ամերիկյան ընկերակցության՝ Թբիլիսիում անցկացված 14-րդ ամենամյա խորհրդաժողովում ներկայացրել են գինու արդյունաբերության առկա զարգացումները Հայաստանում եւ հայկական գինու արտադրությունում թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։
Խորհրդաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ավստրալիայից, Արգենտինայից եւ այլն։ Մասնակիցները հիմնականում գինու ոլորտի մասնագետներ, դասախոսներ, հետազոտողներ, գործարարներ եւ գինեգործներ էին։
Մեր դասախոսների ներկայացմամբ խորհրդաժողովի մասնակիցները հաղորդակից դարձան գինեգործության ոլորտի առանցքային վերլուծությանը, ներառյալ գինու տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարները, որոնք պայմանավորված են գինու համաշխարհային պատմության համար մեծ կարեւորություն ունեցող արժեքներով, վերջին տարիների շարք մտած արդիական գինեգործարաններով, միջազգային շուկայում հայկական գինու աճող հեղինակությամբ, թվային տեխնոլոգիաների ներդրման հեռանկարներով։
Անշուշտ, գործընկերների համար շատ հետաքրքիր էր իմանալ, որ Հայաստանում կա խաղողի մոտ 400 տեղական սորտ, որոնցից ներկայում մշակվում է 55-ը։ Զեկուցողները տվյալներ ներկայացրեցին գինու եւ կոնյակի արտադրության (2021 թ․՝ համապատասխանաբար ավելի քան 13 եւ 46,7 մլն լիտր) եւ գինեգործական ընկերությունների թվի մասին՝ 2018-ի 35-ի դիմաց 2021-ին 111, որոնցից 13-ն արտադրում է տարեկան ավելի քան 200 հազար շիշ գինի։ 2015 թվականին հայկական գինիներն արտահանվել են 15 երկիր, մինչդեռ այժմ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով մինչև 36 երկրի։
Ներկաները հետաքրքրությամբ իմացան, որ Ագրարային համալսարանն ունի սեփական արտադրության բարձրորակ «Սերունդ» գինին, որը սկսել է իր ուրույն տեղը զբաղեցնել հայկական գինու շուկայում։
Տիկին Կիրակոսյանը եւ տիկին Գաբրիելյանը բարձր են գնահատում այս խորհրդաժողովը եւ այնտեղ Հայաստանի ավելի քան 6000-ամյա գինու մշակույթը, արտադրատնտեսական եւ վիճակագրական վերլուծությունները ներկայացնելու, գործարար նոր կապեր ստեղծելու հնարավորությունը։