Գործընկեր դպրոցներ․ ընդունեցինք թիվ 112 ավագ դպրոցի տասներորդցիներին

Երեւանի թիվ 112 ավագ դպրոցում կարեւոր են համարում դպրոց-բուհ կապը եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացին անմիջական շփումների միջոցով աջակցելը։ Այս հարցում նրանք հաջողությամբ գործակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հետ։

Նոյեմբերի 14-ին դպրոցի տասներորդդասարանցիներն այցելեցին համալսարան՝ փոխտնօրեն Աշխեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ինչպես միշտ, դպրոցականներին ջերմությամբ ընդունեց Կարիերայի բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը եւ համալսարանի կրթական ծրագրերի, այստեղ սովորելու առավելությունների ու հեռանկարների մասին հակիրճ ներկայացումից հետո նրանց տարավ համալսարանի նորարարական ենթակառույցներից մի քանիսում շրջայցի։

Ինչ է ճշգրիտ գյուղատնտեսությունը, աշխատաշուկայում ինչ անվերապահ առավելություններ են ունենում ագրարային ճարտարագետները, ջերմատնային  ագրոնոմները, գինեգործներն ու պահածոյագործները, անասնաբույժներն ու մյուս մասնագետները, շուկայում Ագրարայինի շրջանավարտների հաջողության համար ինչ նախադրյալներ են ստեղծված համալսարանում, ինչ է նշանակում ուսանողակենտրոն միջավայր, գյուղատնտեսության բնագավառում գիտական հետազոտություններն ինչ նշանակություն ունեն, ինչու է կարեւոր սննդի անվտանգությունն ու ինչպես դառնալ այս ոլորտի մասնագետներ․․․ Ամեն ինչի մասին որոշակի նախնական տեղեկությունների համար աշակերտները շնորհակալություն էին հայտնում բոլոր ենթակառույցներում, որտեղ նրանք եղան։ Ինչպես սովորաբար լինում է, երեխաները «հապաղում» էին իրենց առանձնապես հետաքրքրած վայրում՝ Ջրային ու հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, ջերմատանը, գինեդարանում, սննդի անվտանգության լաբորատորիայում, գարեջրի եւ թորման լաբորատորիայում, հրուշակեղեղենի լաբորատորիայում։

Մենք շնորհակալ ենք թիվ 112 դպրոցի աշակերտներին եւ տիկին Շահբազյանին այցելության համար եւ վստահ ենք, որ այս դպրոցի հետ կշարունակվի արդյունավետ համագործակցությունը, մանավանդ, որ այժմ ունենք դպրոցի տնօրենի եւ ՀԱԱՀ ռեկտորի կողմից ստորագրված փոխգործակցության հուշագիր։