Գործնական պարապմունք հայր եւ որդի Մարտիրոսյանների տնկարանում

Մայիսի 28-ի տոնական օրը Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցներն անցկացրեցին Արագածոտնի  մարզի Աշտարակ համայնքում գտնվող Մարտիրոսյանների պտղատնկարանում: Սա նրանց երկրորդ գործնական այցելությունն էր դասընթացի շրջանակում։

Նախ տնկարանի սեփականատեր Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթացրեց պտղատնկարանի կառուցվածքին, գործունեությանը, արտադրվող տնկանյութի տեսականուն: Այնուհետեւ ծրագրի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը գործականորեն ցույց տվեցին եւ բացատրեցին ցանքի դաշտում հնդավոր եւ կորիզավոր մի շարք պտղատեսակների` խնձորենու, տանձենու, կեռասենու, մահալեբյան բալենու, նշենու, ծիրանենու, սալորենու, դեղձենու բուսակների հետ կատարվող ագրոտեխնիկական եւ խնամքի աշխատանքները։

Մասնավորապես, ցույց տրվեցին նշված պտղատեսակների միամյակների մշակության ու խնամքի աշխատանքները, կիրառվող ցանքաշրջանառությունը, բարձրորակ բուսակներ եւ տնկանյութ ստանալու համար սերմնային եւ սորտային մայրուտների դերը, կրկնապատվաստի կատարման կարգը, ժամկետները եւ նշանակությունը միատարր եւ բարձրորակ տնկանյութի արտադրման համար։ Տնկարանի եւ հարակից տարածքի մշտադիտարկման  միջոցով ներկայացվեց նաեւ բուսասանիտարական վիճակը եւ դրա հնարավոր ազդեցությունը տնկանյութի առողջության եւ որակական ցուցանիշների վրա:

Դասընթացն իրականացնում է Ագրարային համալսարանը՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միությունից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից։