Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի հետազոտական կենտրոն

Անդրեաս Շմավոնի Մելիքյան

գյուղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Կենտրոնի տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 210 սենյակ
  • (+374) 12 56 38 40, ներքին՝ 4-46
  • [email protected]

Պատմությունը և նպատակը

Դեռևս 1930-ական թվականներին Ն.Ի. Վավիլովի, Ա.Ա. Գրոսսգեյմի, Մ.Գ. Թումանյանի և այլոց կողմից սկսած մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների ու տեղածին (աբորիգեն) ներկայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործման հետազոտություններով ոգևորված` պրոֆեսոր Պ.Ա. Ղանդիլյանը Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1981 թ. հիմնադրեց և մինչև իր կյանքի վերջը` 2001թ., ղեկավարեց Մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման լաբորատորիան (ներկայումս՝ հետազոտական կենտրոն): Ձևավորվեց երիտասարդ հետազոտողների խումբ (Ժ. Շաքարյան, Ա. Մելիքյան, Մ. Հովհաննիսյան, Ա. Ավագյան, Մ. Հարությունյան, Ի. Ավագյան, Հ. Խաչատրյան, Լ. Մկրտչյան, Ա. Հովհաննիսյան), որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց աշխատանքները: Ամեն տարի ՀՀ տարբեր գոտիներում կազմակերպվող արշավախմբային հետազոտությունների արդյունքներով ստեղծվեց ՀՀ-ում առաջին բույսերի գենետիկական բանկը, որն այսօր ունի ամենամեծ հավաքածուն ինչպես քանակային, այնպես էլ տեսակային կազմի առումով:

Սկսած 2011 թվականից հետազոտական կենտրոնում, պրոֆեսոր Ա. Մելիքյանի ղեկավարությամբ, ակտիվ գիտական աշխատանքներ են կատարում Հ. Մարտիրոսյանը, Մ. Հարությունյանը, Մ. Հովհաննիսյանը, Ս. Գրիգորյանը, Հ. Տերտերյանը, Ն. Գասպարյանը, Ա. Թադևոսյանը, Տ. Ալոյանը, Լ. Պետրոսյանը, որոնց աշխատանքները ներառում են.

  1. ՀՀ-ում տարածված մշակաբույսերի և դրանց վայրի ազգակից հանդիսացող բույսերի առկա սերմնային հավաքածուի հարստացում և դրանց ex situ պահպանություն (կարճաժամկետ և երկարաժամկետ)
  2. Առավել հետաքրքրություն ներկայացնող ՄՎՑ-ների տարածման կարևորագույն արեալներում մոնիթորինգի կազմակերպում (GIS քարտեզների ստեղծում)
  3. Հացահատիկային, բանջարային մի շարք մշակաբույսերի վայրի ցեղակիցների օգտագործում սելեկցիայում
  4. Վայրի դեղաբույսերի և սննդում օգտագործվող ուտելի ու համեմունքային բույսերի կուլտուրականացում
  5. ՀՀ-ում աբորիգեն համարվող հինավուրց սորտերի (ցորեն, գարի), սորտ-պոպուլյացիաների (սոխ, սխտոր, լոբի) վերականգնում և բարելավում
  6. Նախասելեկցիոն աշխատանքների շարունակում (ցորեն, ցորենաշորա, հաճար, գարի, սոխ, սխտոր)
  7. Պահպանվող նմուշների ագրոկենսաբանական հատկանիշների գենետիկական հետազոտություններ
  8. Միջազգային տեղեկատվական բազայում սերմնային հավաքածուի տվյալների ներառում՝ դրանց մատչելիության ապահովման համար:

Ներկայումս Բույսերի գենեֆոնդի և սելեկցիայի հետազոտական կենտրոնի սերմնային հավաքածուում առկա է 5500-ից ավելի նմուշ, որոնցից շուրջ 2600-ը վայրի տեսակներ են, մնացածը՝ արտասահմանյան գիտական կենտրոններից ստացված և հայկական տեղական սորտանմուշներ ու սորտ-պոպուլիացիաներ: Պահպանվում են նաև տարբեր բույսերի հերբարիումային 1457 թերթ: Հավաքածուում ընդգրկված են մշակաբույսերի հետևյալ խմբերը՝

  • հացահատիկային՝ ցորեն, գարի աշորա, այծակն, վարսակ
  • հատիկաընդեղեն՝ ոսպ, սիսեռ, ոլոռ, լոբի
  • բանջարային՝ սոխ, գազար, ծնեբեկ, ճակնդեղ, հազար և այլն
  • պտղահատապտղային՝ տանձենի, խնձորենի, ալոճենի, նռնենի, նշենի, մասրենի, ելակ, մոշ, հապալաս և այլն
  • կերային բակլազգիներ՝ առվույտ, կորնգան, երեքնուկ, վիկ, տափոլոռ և այլն
  • դեղա- և արոմատիկ բույսեր՝ երիցուկ, արևքուրիկ, եղեսպակ, եզան լեզու, քրքում, ճարճատուկ և այլն:

Հետազոտական կենտրոնում ակտիվորեն տարվում են նաև սելեկցիոն աշխատանքներ, որոնց յուրահատկությունը կայանում է նրանում, որ ամբողջ տարածաշրջանում միակն է, որ որպես ծնողական ձև օգտագործվում է վայրի ազգակից հանդիսացող բույսը: Այստեղ են բուծվել և շրջանացման համար առաջարկվել աշնանացան ցորենի Ոսկեհասկ, գարու Արարատի 7, Հայկ 1 և Մարինա, ցորենաշորայի Սիս 1, հաճարի Արփի և Արևիկ, աշորայի Սյունիք 1, սխտորի Ձյունիկ և սոխի Արմավիրի սորտերը: Սրանք աչքի են ընկնում իրենց չորա- և երաշտադիմացկունությամբ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն են, որոնց համար պատասխանատու գեները ժառանգել են վայրի ծնողներից:

Կենտրոնում կատարվում է նաև ex situ պահպանվող հավաքածուում առկա նմուշների գնահատում գենային մակարդակով (barcoding)՝ գենետիկական անձնագրերի տեսքով: Ողջ տվյալները կմուտքագրվեն համապատասխան բազաներ, որը կմեծացնի հայկական գենոֆոնդի վերաբերյալ տեղեկատվության միջազգային հասանելիությունը:

Հետազոտական կենտրոնը գիտական կապեր ունի միջազգային կազմակերպությունների (ICARDA, CIMMYT, Bioversity International), Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի (Nitra), Բուսաբուծության հետազոտական կենտրոնի (Piestany), Ճապոնիայի, Ռուսաստանի (VIR, Սանկտ-Պետերբուրգ), Նովոսիբիրսկի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի, Իսրայելի (Հայֆա) համալսարանի գիտնականների հետ:

Սվալբարդի (Svalbard Global Seed Vault, Նորվեգիա), CIMMYT-ի (Ցորենի և եգիպտացորենի սելեկցիայի միջազգային կենտրոն, Մեքսիկա), ICARDA-ի (Չորային երկրագործության միջազգային կենտրոն, Թունիս) գենբանկերում պահպանության են դրվել կենտրոնի հավաքածուի բազմաթիվ նմուշներ:

Շարունակվում են նաև ԲԳՌ-ների տարածման արեալների գնահատման, մոնիտորինգի և քարտեզագրման աշխատանքները GIS համակարգով:

Ագրարային համալսարանը Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի հետազոտական կենտրոնի միջոցով համագործակցում է GBIF-ին անդամագրվելու համար, որի գլխավոր նպատակն է լինելու կենտրոնում պահպանվող նմուշները ենթարկել բարկոդինգի և հրապարակել GBIF ցանցում:

Հետազոտական կենտրոնը նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ կատարված աշխատանքների արդյունքում պաշտպանվել են դոկտորական և բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ:

Ակտիվորեն գործում է hետազոտական կենտրոնի ֆեյսբուքյան կայքէջը (https:/www.facebook.com/pgrlab.anau):