Գինու համտես-գնահատում ռեկտորի հետ

Վերջերս Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած՝ Գերմանիա ճանաչողական-աշխատանքային այցի շրջանակում, որին մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Յուլիուս Կյուհն ինստիտուտի միկրոգինեգործարանում հայկական պատվիրակությունը մասնակցել էր սելեկցիոն նոր սորտերի գինեգործական ներուժի գնահատման գործընթացին՝ դրանցից ստացված գինիների համտեսի միջոցով: Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի  պատասխանատուներ Արամայիս Մկրտչյանը եւ Ամալյա Իսկանդարյանը (ՀԱԱՀ ասպիրանտ), առիթն օգտագործելով, իրենց հետ Հայաստան էին բերել այդ փորձարարական նմուշներից մի քանիսը՝ ՀԱԱՀ ուսանողների հետ համտես կազմակերպելու նպատակով:

Արամայիսն ու Ամալյան էլ վարեցին համտես-գնահատման դասը ԳՏ 3-րդ կուրսի ուսանողների հետ։ Որպես «ազատ ունկնդիր» հրավիրել էին ռեկտոր Ուռուտյանին: Գերմանական խաղողի մշակաձեւերից (սորտերից) ստացված գինու բացառիկ նմուշներ էին ներկայացված, մասնավորապես՝ սնկակայուն (PiWi) ընտրասերումնային նոր՝ Կալարդիս Բլան եւ Ռեգենտ մշակաձեւերից ստացված սպիտակ, կարմիր եւ փրփրուն գինիներ: Ներկայացված էր նաեւ շատ հազվագյուտ գերմանական տեղածին խաղողի մշակաձեւից՝ Կարմիր Ռիսլինգից պատրաստված սպիտակ գինի:

Համտես-գնահատման դասը եռակի հետաքրքրություն էր ներկայացնում ուսանողների համար այն առումով, որ կատարում էին խաղողի մշակաձեւերի ներուժի գնահատում գինու միջոցով, գնահատում էին հազվագյուտ մշակաձեւերի նմուշներ եւ դա անում էին ռեկտորի հետ։