Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ, մայիսի 31-ին տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների եւ տարբեր կուրսերի ուսանողների հանդիպումը սննդի անվտանգության եւ անասնաբուժության գերմանացի փորձագետ Մարտին Հարտմանի հետ։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Դոկտ․ Հարտմանը երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Սննդի անվտանգության տեսչությունում եւ ղեկավարել Գերմանիայի Անասնաբույժների ընկերակցությունը։ Փորձագետը Հայաստանում էր ՀԳՀՄ հրավերով։
Գերմանացի փորձագետը հանդես եկավ սննդի անվտանգության եւ անասնաբուժության ոլորտներում առկա համընդհանուր մարտահրավերների, զարգացման միտումների, անասնաբուժական մասնագիտական կրթությունը շարունակելու հնարավորությունների եւ հարակից թեմաներով։ Դոկտ․ Հարտմանը հայ գործընկերներին հաղորդակից դարձրեց իր հսկայական մասնագիտական ու կառավարչական փորձին՝ դրանով հարստացնելով թե դասախոսների եւ թե մանավանդ ուսանողների տեղեկացվածությունը վերոնշյալ ոլորտների մասին։
Հանդիպումը Գործատուների հանրապետական կենտրոնի եւ Ագրարային համալսարանի արդյունավետ եւ դինամիկ զարգացող համագործակցության եւս մեկ հետաքրքիր օրինակ է։