Ագրարային համալսարանի՝ Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը օրերս տեղի ունեցավ ամառային երիտասարդական ճամբար, որին մասնակցել են ՀԱԱՀ-ի եւ ՀՀ գյուղատնտեսական քոլեջների 31 ուսանող: Արդեն երկրորդ տարին ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում անվճար անցկացվող երիտասարդական ճամբարը մեկ հարկի տակ է համախմբում ագրարային ոլորտով հետաքրքրված երիտասարդներին՝ հնարավորություն տալով ոչ միայն ունենալ հագեցած ու բովանդակալից «մասնագիտական» հանգիստ, այլեւ ծանոթանալ, ընկերանալ ու համագործակցել միմյանց հետ:
Եռօրյա ագրոճամբարի մասնակիցներն ակտիվ հանգիստը զուգորդել են օգտակար տեղեկատվության հետ, ինտերակտիվ խաղերի, ուսուցման ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ ձեռք բերել աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ «փափուկ» հմտություններ, նաեւ մասնագիտական գիտելիքներ ագրարային ոլորտի որոշ թեմաներից: Մասնավորապես, ծրագրերի կառավարման եւ փափուկ հմտությունների զարգացման մասնագետ-դասընթացավար Էլեոնորա Սարգսյանի շնորհիվ երիտասարդները ծանոթացել են էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիքներին, սովորել կազմել գրագետ ինքնակենսագրական, իսկ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի փորձագետ, դասընթացավար, քոուչ Սոնա Հովսեփյանը ճամբարականներին իրազեկել է, թե ինչպես է հարկավոր ներկայանալ հարցազրույցի, պատմել հնարավոր իրավիճակների ու մանրուքների մասին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել աշխատաշուկա մուտք գործելիս: Դիանա Չաբանյանն էլ, որը երիտասարդական ծրագրերի կառավարման ոլորտի մասնագետ է, երիտասարդների հետ զրուցել է կարիերայի զարգացման ու հեռանկարների, ձեռնարկատիրության եւ զբաղվածության վերաբերյալ, անդրադարձել ձեռներեցի եւ աշխատակցի կենսակերպին, նրանց անհրաժեշտ հմտություններին:
Ստացած գիտելիքները երիտասարդներն ամրապնդել են գործնական աշխատանքների ու թիմային խաղերի միջոցով, իրականացրել «աշխատանքային» դերախաղ՝ հանդես գալով որպես գործատու եւ աշխատանք փնտրող: Ագրոճամբարի հյուրերից է եղել նաեւ ամերիկացի բանախոս Քըրք Ուոլասը, որը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնել է Հայաստանում առաջին ակվապոնիկ համակարգը: Նա ուսանողներին ծանոթացրել է ակվապոնիկ համակարգին, ներկայացրել է սկզբում դժվարություններով լի իր հաջողության ուղին, հորդորել լինել նպատակասլաց եւ երբեք չընկրկել դժվարությունների առաջ:
Ագրարային ոլորտի ապագա մասնագետները ստացել են նաեւ մասնագիտական, տեսական գիտելիքներ ժամանակակից գյուղատնտեսության մոտիվների, ինտենսիվ այգեգործության եւ ճշգրիտ գուղատնտեսության վերաբերյալ, որը նրանց փոխանցել է Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից «Գրինկո»-ի ներկայացուցիչ Արմեն Զաքարյանը: Ճամբարի երկրորդ օրը երիտասարդներն այցելել են Դդմաշեն, շրջայց կատարել «Գրինկո» ընկերության տարածքով, ծանոթացել իտալական նորագույն տեխնոլոգիաներով կառավարվող ինտենսիվ այգիների մշակությանն ու կառավարմանը:
Եռօրյա ճամբարի երեկոները հագեցած են եղել ուրախ երգուպարով, խարույկի շուրջ քննարկումներով: Ճամբարի ավարտին մասնակիցներն ստացել են հավաստագրեր, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ հիշարժան, հետաքրքիր ու հագեցած հանգստի եւ ձեռք բերած գիտելիքների ու փորձի համար:
Հիշեցնենք, որ ագրոճամբարը կազմակերպվել էր «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակում՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ: